22 01 2020

Մի հատ ձեր «թավշյա» ենթամշակուՏակումները նայեք, նոր խոսեք. 7or.am

Մի հատ ձեր «թավշյա» ենթամշակուՏակումները նայեք, նոր խոսեք. 7or.am

7or.am-ը գրում է․ «Ասում են, երկրիս թավշապետերը անողոք պայքարի են ելել «քրեական ենթամշակույթի» դեմ: Հզո՜ր է:

Չէ՛, այն, որ «գողական» երգերի ելևէջների ներքո հարսանիք ու քեֆ են անում և ոչ միայն, իհարկե, անդուր է ու բացասական: Բայց նման երևույթների դեմ ամենից առաջ պայքարում, և նորմալ հասարակությունները հաջողության են հասնում լուսավորության, կրթության ու դաստիարակության, հասարակության որակական զարգացման շնորհիվ:

Այ, «իրենցքայլական» իշխանությունը օրենսդրական նորամուծության մակարդակով պայքարի է ելել «քրեական ենթամշակույթի» դեմ: Բայց, տղաներ և աղջիկնե՛ր, տեղ-տեղ՝ տիկնայք և պարոնա՛յք, մի հատ հլա ձեր բերած, ներդրած կամ արմատավորած ենթամշակույՏերը դիտարկենք: ԵնթամշակուՏակումները, ես կասեի:

Մի կողմից, զավեշտական է հնչում, իհարկե, որ Մշակույթի նախարարությունը հեչ արած, այն մեկ այլ գերատեսչության տարած-կպցրած կառավարությունը «ենթամշակութային» պայքար է նախաձեռնում: Ոչ պակաս զավեշտ է, որ «քրեական ենթամշակույթի» դեմ պայքար է նախաձեռնում այն կառավարությունը, որը գլխավորող վարչապետը էապես առանձնանում է Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարներից, առաջին հերթին... իր ագրեսիվ, «ասֆալտափռիչ», «պատածեփիչ», «թաթակտրիչ», ժարգոնախառը հայտարարություններով ու խոսքով, որն ուղղակի անհարիր է ցանկացած մեկին, ում անուն-ազգանվան դիմաց, թեկուզ մի կարճ ժամանակով գրվում է՝ ՀՀ վարչապետ:

Բայց գանք «թավշյա» «ենթամշակույՏերին»: Թեթևակի թվարկեմ, թերևս:

«Նոր Հայաստանի» հոռի ենթամշակույՏում առաջինն աչքի է զարնում զազրախոսության, հայհոյախոսության ու «ատելության խոսքի» երևույթը: Մի բան, որ իշխանությունը առնվազն չի կասեցնում, եթե չասեմ՝ խրախուսում է: Բնութագրական է, որ անեծք-լուտանք շաղ տալու, հայհոյավիրավորական արտահայտվելու հարցում անվիճելի առաջատարները իշխանության կողմնակիցներն են ու Նիկոլ Փաշինյանի «ֆաները»:

Հաջորդը, ըստ իս, երկերեսանության, ես կասեի՝ բազմերեսանության ենթամշակույՏն է: Նոր բան չէ, իհարկե, բայց հատկապես վերջին մեկուկես տարվա մեջ այս երևույթը ծավալվում ու նորանոր դրսևորումներ է ստանում: Ըստ նպատակահարմարության, հատկապես իշխանապաշտպանները (չնայած, այլոք էլ ձգտում են հետ չմնալ) մի օր իրավապաշտպան են, մի օր դիկտատոր, հաջորդ պահին ժողովրդավար, երեկ անմեղության կանխավարկածի ջատագով, հաջորդ պահին՝ լինչի դատաստանի կողմնակից: Երեկ արագաչափերի դեմ էին կռվում, այսօր... ողջունում դրանց բազմացումը: Դեռ «վերացված» կոռուպցիայի մասին չեմ էլ խոսում: Երեկ ԵԱՏՄ-ի դեմ էին, այսօր թունդ կողմնակից: Մի խոսքով, օրինակներն առատ են:

Մեկ այլ երևույթ է քաղաքական անպատասխանատվության ու, առհասարակ, անպատասխանատու հայտարարություններ անելու ենթամշակույՏը: Նախկինում էլ նման դրսևորումներ կային, բայց պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի և իր հավաքած «կամանդի» հսկայական ներդրումը՝ անպատասխանատվությունը նոր ու բարձր ոլորտներ հասցնելու գործում:

«Թավշյա» ենթամշակույՏի նշածս թվարկումն, իհարկե, ամբողջական չէ: Յուրաքանչյուրը կարող է այն լրացնել, ու դա էլ լավ բանի մասին չի վկայում:

Հա, ամենահոռի ենթամշակույՏը. ազգային ու ավանդական գրեթե ամեն ինչ ծաղրելու, անգամ մարդու մահը ծանակելու ենթամշակույՏը, որ անկասկած փաշինյանական ժամանակների ամենից վատ «նորամուծությունն» է, որը ավերում է հասարակությունը: Մարդիկ տրորում են արժեքներ՝ վերածվելով խառնամբոխի: Այդ ավերումները, վախենամ, տարիներով էլ անհնար լինի վերականգնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ