20 01 2020

Մարտի 1-ի դեպքերի և անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը. Միհրդատ Մադաթյան

Մարտի 1-ի դեպքերի և անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը. Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տիկնայք և Պարոնայք Մարդը խաբվում է երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

Շարունակելով Մարտի 1-ի մասով վերլուծությունը, այսօր անդրադառնալու եմ՝ այսօրվա բարոյախոսող այլ անձերի, ովքեր կիպ կանգնած են այս բռնի հեղաշրջման կողքին և կուրծք են պատռում պաշտպանելով այսօրվա իշխանություններին։ Արդյո՞ք, թե իրենց նստատեղերն են ուզում փրկել...

Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան – Ստեփան (ստյոպիկ) Սաֆարյան տանդեմը, որն իր ակտուալությունը չի կորցնում առ այսօր, բացարձակ պատասխանատուն է Մարտի 1-ի տրագիկ իրադարձությունների և այն անմեղ զոհերի, որոնց հարազատներից, պետբյուջեից հատկացված 30 մլն դրամերով, Փաշինյանը, փաստացի գնում է նրանց զոհված հարազատների արյունը։

Կրկին ուզում եմ նշել, որ այս փաստերի իսկությունը հաստատվում է ստորև նշված հղումներով։

Եկեք դիտարկենք իրադարձությունները հաջորդաբար։ 01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը գրում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվածները արագ վեր են ածվել բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ Ժամը 18:00-ի դրությամբ արդեն ցուցարարները, շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։ Կարևոր է ֆիքսել, որ այս զեկույցի մեջ հատուկ ֆիքսած է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա, այնինչ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ նա տնային կալանքի տակ է։ Ավելին, այնտեղ ներկայացված է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ, երաշխավորելով թույլտվությունը՝ անցկացնելու ցանկացած այլ հանրահավաք, այդ մարզադաշտի տարածքում (հղում N1՝ ստորև)։

Այ այստեղ տեղի է ունենում ամենասարսափելին՝ թավշյա բանսարկու Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, դեռ այն ժամանակ վարպետացած բանսարկության և կեղծ լուրեր տարածելու մեջ, կապվում են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշում են, որ ոստիկանը ծեծելով սպանել է տարեց մարդուն։

Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն, ինչը հետագայում չի հաստատվել (հղում N1՝ ստորև)։

Պատկերացնում եք հավանաբար թե այս լուրը ինչ մեծ հուզում կառաջացներ հավաքված ժողովրդի մոտ և ինչ ագրեսիվ արտահայտումների կբերեր։ Ի ապացույց սրա, Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ (հղում N2՝ ստորև)։

Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել և դրդել ցուցարարներին ոստիկանների հետ գնալ կոշտ բախումների (հղում N3՝ ստորև)։

Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները (հղում N4՝ ստորև)։

Փաստացի, Մարտի 1-ի դեպքերի և անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, ում համար և ում հավատալով ժողովուրդը դուրս եկավ պայքարի և ով խաբեց ժողովրդին ու թաքնվեց իր տանը՝ մինչ մարդիկ էին զոհվում իր համար, Նիկոլ Փաշինանը, ով ամեն գնով փորձում էր ալ իշխանության և հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով, որ կարող են լինել զոհեր և թաքնվելով անկեղծ մղումներ ունեցող և հավատով լցված ժողովրդի թիկունքում, հանգիստ խղճով զոհաբերելով ժողովրդին իր՝ շահադիտական նպատակների համար։

Այստեղ շատ կարևոր է Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի դերակատարումը, ում տարածած սուտ տեղեկությունները հենց եղան դրդապատճառ, որ բախումները տեղի ունենան։ Այս մարդիկ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ չեն դավաճանում իրենց մոտեցումներին և հանգիստ խղճով շարունակում են սուտ տեղեկությունների տարածումը և իրենց պրովոկատիվ մոտեցումներով ամեն կերպ աջակցում են Մարտի 1-ի դեպքերի՝ իրենց հորինած տարբերակը կյանքի կոչելուն։

Հիմա ուղղակի եկեք նայենք թե ինչ է տեղի ունենում այսօրվա իրականությունում՝ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար և սա բնական է։ Այլապես այս տանդեմը պետք է պատասխան տա Մարտի 1-ի իրադարձությունների մասով և արդար պատասխանատվությունից միակ տարբերակը՝ այլ մեղավոր նշանակելն է։

Արդա՞ր է ժողովուրդ։ Արդարությունը նշանակովի է լինու՞մ։ Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, և տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը, Ձեր արյան գնով վճարած հարկերի հաշվին վայելելու են իրենց կյանքը։

Այո, մարդը խաբվում է երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

#ժողովրդից_թաքուն #դըմփ_դըմփ_հոպպլա

[1] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html

[2] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN186_a.html

[3] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN208_a.html

[4] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN304_a.html

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ