17 01 2020

Իշխանություններն իրականում հենց իրենք են հայտնվել ցայտնոտում. Լիա Իվանյան

Իշխանություններն իրականում հենց իրենք են հայտնվել ցայտնոտում. Լիա Իվանյան

Պատկերացնենք իրավիճակ, երբ ինչ-որ մի N ժամանակ Փաշինյան Նիկոլը հասնում է իր հերթական քմահաճույքին , և ՀՀ-ում գործող ողջ մեդիան ՝ թերթերը, կայքերը, ռադիո-հեռուստատեսությունը, բոլորն անխտիր «Հ1»-ի և «Արմենպրեսի» նման հանրությանն են փոխանցում Վերին Աթոռի ասած-արածները որպես միակ ճշմարտություն։

Սովետում ապրած սերունդները շատ լավ գիտեն մեկ աղբյուրից սնվող բազմազան թերթերի և 1-2 հեռուստաալիքի տված ինֆորմացիայի աղքատիկությունը։ Փոխարենը՝ ինֆորմացիայի գորշությունն ու սղությունը կոմպենսացվում էր աներևակայելի քանակի դիպուկ անեկդոտներով։

Հիմա ենթադրենք Փաշինյանին հաջողվի (իսկ երազել նա սիրում է) ժողովրդավարությունից հետընթաց կատարել դեպի ամբողջատիրություն և արգելել խոսքի ազատությունն Անկախ Հայաստանում, ապա կունենանք հետևյալ անեկդոտի պատկերը․ ԽՍՀՄ-ում մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաներին ասում է․

- Սովետական Միությունում բոլորը լավ են ուտում ու հանգնվում։ Սովետական Միությունում մարդիկ ապրում են հրաշալի բնակարաններում։ Սովետական Միությունում բոլոր երեխաներն ունեն ամենագեղեցիկ խաղալիքները․․․ Ինչո՞ւ ես լացում, Վովոչկա՛․․

- Ե՜ս էլ եմ ուզո՜ւմ ապրել Սովետական Միությունում․․․

Այդպես էլ կլինի․ հեռուստացույցն ու ֆեյքերը պայծառ կյանքդ կներկայացնեն, իսկ դատարկ սառնարանդ՝ իրական վիճակդ։ Ու այ էդ ժամանակ գլխիդ տալով կասես՝ ախր ո՞նց խաբվեցի դատարկ խոսքերին ու նպաստեցի էս օրվան հասնելուն․․․

Բայց, մի հուսահատվի՛ր մոլորյալ հայրենակից, որովհետև այնքան էլ հեշտ գործ չէ միանձնյա իշխանություն հաստատել Հայաստանում․ եթե անգամ ընդդիմությունը չհասցնի կոնսոլիդացվել, ապա բոլոր քայլածներն ու շահառուները իրենց բաժինը պահանջելով՝ գահի մի անկյուն կքշեն պոտենցիալ բռնապետիկին․․․ ընդ որում՝ սկսած ամենամտերիմ մարդկանցից։

Ի վերջո,նաև այն փորձն ենք ունեցել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994-ի դեկտեմբերի 28-ին կասեցրեց ՀՅԴ գործունեությունը, փակվեցին լրատվամիջոցները։ Ինչը բնավ չխանգարեց լրագրողներին շարունակել իրենց աշխատանքը ՝ տպագրվելով հանրապետության և սփյուռքի պարբերականներում։

Հիշեցնեմ, որ այդ տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, չկար համացանց, անգամ բջջային հեռախոսներն էին նոր-նոր կենցաղ մտնում, բայց կարողացանք ոչ մի օր չլռել։ Եվ ասեմ՝ հիանալի դպրոց անցանք ոչ միայն մասնագիտական խիզախության առումով, այլև վախին չենթարկվելու հոգեբանական կոփման տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ընդդիմության կոնսոլիդացմանը, ապա պետության ճակատագրով իրոք անհանգստացած ուժերը ստիպված են լինելու արագացնել իրենց միավորումը, քանի որ իշխանության սորոսական հատվածը ողջ թափով անցել է իր պետականքանդ ծրագրերի իրականացմանը։ Հենց այնպես որևէ պետությունում ծննդատներ չեն փակում, հատկապես երբ ստորագրել ես հետևյալ փաստաթուղթը․ « 2018թ-ի դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում (ք. Մարրակեշ) 164 պետություն ստորագրել է, այսպես կոչված «Անվտանգ, կազմակերպված եւ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը». «Այս փաստաթուղթը ստորագրող պետությունների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը» ։

Հանրության շրջանում տարբեր վախեր սերմանել փորձող այս իշխանություններն իրականում հենց իրենք են հայտնվել ցայտնոտում՝ չկարողանալով կատարել ո՛չ հեղափոխական տարատեսակ գործընկերների առջև ստանձնած, և ո՛չ էլ իրենց աթոռներին նստեցրած ընտրազանգվածին շռայլած խոստումները։ Այսինքն՝ իրենց վախն է ստիպում վախեցնել ուրիշներին։ Թե ում վրա դա ինչպես կազդի՝ արդեն յուրաքանչյուրի գործն է։

Լիա Իվանյան , հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ