Հունվարի 9-ը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր։ Բնականաբար, ստացավ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ։ Այդ ուղերձների մեջ հատկապես մեկը, որքան էլ զարմալի պետք է չլիներ, այնուամենայնիվ զարմանալի էր. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը։
Միանգամայն դրական ու սովորական բան է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարին շնորհավորում է երկրի գործող նախագահը։ Դա նշանակում է, որ մարդիկ հարգում են ինստիտուտը, որևէ կերպ գնահատում են վաստակը, արածը։ Բայց զարմանալին այն էր, որ նախորդների համեմատ, այս մեկն անում է նման հրապարակային կերպով։
Օրինակ, նույն հրապարակային ջանասիրությունն Արմեն Սարգսյանը չէր ցուցաբերել մյուս երկու նախագահների նկատմամբ։
Ռոբերտ Քոչարայանի ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ը, դարձավ շաբաթվա օրակարգը, քանի որ մեկուսարանում պահվող նախկին ղեկավարը ստացավ բազմաթիվ շնորհվորանքներ, այդ թվում` նախկին գործընկերներից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից սկսած, մշակույթի, սպորտի, հասարակական, քաղաքական անվանի դեմքերից ու սոցցանցերում պարզապես արածը գնահատող քաղաքացիներից վերջացրած։ Հետաքրքրում էր՝ իսկ Արմեն Սարգսյանը շնորհավորե՞լ է։ Պարզվեց, որ շնորհավորել է, բայց՝ թաքուն՝ ուղերձը փոխանցելով։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ սեպտեմբերի 30-ին բազմաթիվ շնորհավորական ուղերձներ ստացավ, սակայն Արմեն Սարգսյանի կողմից հրապարակային շնորհավորանք չհնչեցվեց։ Այս մասին օրեր անց լրատվամիջոցի հարցին տեղեկացրել էր նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանը։
Հիշեցնենք, Արմեն Սարգսյանը պաշտոն է զբաղեցրել 3 նախագահների օրոք էլ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել դեսպան և մի քանի ամիս՝ ՀՀ վարչապետը, Ռոբերտ Քոչարյանի օրոք շարունակել է դեսպան աշխատել։ Իսկ Սերժ Սարգսյանի օրոք դեսպան Սարգսյանն ունեցավ կարիերայի ամենաբարձր ցատկը՝ դարձավ ՀՀ նախագահ։ Ընդ որում, արաջարկը ստացել է Սերժ Սարգսյանի կողմից և ընտրվել է ՀՀ նախագահ ԱԺ ՀՀԿ խբակցության մեծամասնություն լինելու շնորհիվ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փաստացի ամենաբարձր պաշտոնյան է, որը պետության անունից շրջագայելուց զատ այլ կարևոր գործով զբաղված չէ։ Նրա մասին չես լսի, երբ երկրում կարևոր բան է կատարվում, նա զբաղված է հարուստ թոշակառուի գործով։ Նրան, կրկնում ենք, բերել է Սերժ Սարգսյանը, նրան քվեարկել է միայն իշխանությունը, երբ մյուս քաղաքական ուժերը, այդ թվում՝ ամենից ակտիվը Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունեին քաղաքացիության մասով և չէին համաձայնել, որ նա լինի նախագահ։ Ու այսօր նման երախտամոռության հասնող խտրական վերաբերմունք։
Իսկ ինչո՞ւ է, այդ դեպքում, Արմեն Սարգսյանը հրապարակային շնորհավորանքի ուղերձ հղում Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ մյուս նախագահներին ծածուկ բացիկ ուղարկում։
Պատճառը մեկն է՝ վախը։ Վախը գլխավոր զգացումն է, որ ապրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1․5 տարի շարունակ։ Նա պարտավոր էր նման կերպ շնորհավորել Տեր-Պետրոսյանին, քանի որ նա գիտե, թե ով է Փաշինյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանը, ով է Նիկոլին դարձրել Նիկոլ և ում է երախտապարտ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը որևէ կերպ չէր դրսևորվում Արմեն Սարգսյանի վախկոտությունը երկրում տեղի ունեցող իրադարձույթունների վերաբերյալ։ Հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանբը տապալեց ԱԺ աշխատանքը, Սահմանադրությունը, բոլորը սպասում էին Արմեն Սարգսյանի արձագանքին՝ որպես Սահմանադրության պահպանման երաշխավորի։ Նա չարձագանքեց կամ ձեռքերը լվաց։ Հետո նա լռեց ու կրավորական դիրքորոշում որդեգրեց Հայաստանի համար բոլոր կարևոր պահերին։
Արմեն Սարգսյանը բոլոր հնարավոր դեպքերում ցույց է տալիս իր մեծ սերը դեպի իր պաշտոնը և իր մեծ վախը դեպի այն կորցնելը։
Որքան վեհ ու գեղեցիկ քայլ է պաշտոնաթող նախագահին շնորհավորելը, նույնքան անընդունելի է վախկոտությունը։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը