2019 թվականին շարունակվեց նույն այն քաղաքական գործընթացները, որոնք նկատելի էին 2018 թվականին: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը և ընդգծեց.
«Հայաստանում շարունակվում է վարչապետի անձնիշխան համակարգի ամրապնդման գործընթցը, և բոլոր այն այլընտրանքային կենտրոնները, որոնք կային` ֆուտբոլի ֆեդերացիան, հանրային խորհուրդը և այլ մարմիններ, որոնք չեն մտնում այդ համակարգի մեջ, վարչապետը ձգտում է դրանք ևս միավորել մեկ համակարգի մեջ, ինչն իրեն այս պահին հաջողվում է»:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին դեռ չի հաջողվում իր հսկողության տակ վերցնել միայն Սահմանադրական դատարանը.
«Կարող ենք ասել, որ վարչապետին հաջողվել է օբյեկտիվ պատճառներով օրենսդիր մարմինն ամբողջովին վերցնել իր հսկողության տակ, գործադիր իշխանությունը բնականաբար, դատական ողջ համակարգը՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, վերցնել իր հսկողության տակ: Սահմանադրական դատարանի մասով էլ փորձեր կատավում էր, սակայն դեռևս դա չի հաջողվում: Այս համակարգը սկսում է ամբողջացնել այս անձնիշխան համակարգը, որն իհարկե տարբերվում է նախկնում եղած քրեաօլիգարխիկ համակարգից, որովհետև նախկինը քրեօլիգարխիայի շահերն էր սպասարկում, հիմա կոնկրետ վարչապետի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը