Zham.am-ը գրում է․ «ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր կարդացեք: Սա Հանձնաժողովի կողմից իրականացվող եթերի մշտադիտարկման տվյալներն են (կրոնական, ազգային խտրականության դրսևորումներ, բռնության կոչեր և այլ օրենքով արգելված բովանդակություն պարզելու նպատակով): Առանձնացրել եմ նախորդ տարվա միայն նոյեմբեր-դեկտեմբերին մեկ հայկական հեռուստաընկերության մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից ընդամենը 21 շատ կարճ, բայց ելույթները բնութագրող մեջբերում: 21 հյուր, 21 նույնաբովանդակ ելույթ և մեկ թիրախ…
Որից հետո պարոն Հակոբյանը թվարկում է, թե ինչ աստիճանի քննադատության է ենթարկվել Փաշինյանը վերը նշված հեռուստաընկերության եթերից:
Որից հետո նույն Հակոբյանը այն եզրահանգմանն է գալիս, որ ոչ մի նորմալ երկրում այդպիսի վիճակ թույլ չէր տվել: Դրան էլ ավելացնելով, որ նախկինում երբեք այդպիսի բան չի եղել:
Այն, որ Տիգրան Հակոբյանը «նկատում է» միայն ընդդիմադիր լրատվամիջոցի «ատելության քարոզի» հատկանիշները ցավոք նույնպես նորություն չէ մեր երկրի համար: Օրինակ՝ կարո՞ղ էր պարոն Հակոբյանը արձանագրել, թե ինչպես է երկրի ղեկավարը հանրահավաքի ժամանակ հրահանգում ուժային կառույցների ներկայացուցիչներին, իր հակառակորդներին «ծեփել պատին և պարկեցնել ասֆալտին»: Այդպիսի երևույթ, Տիգրան Հակոբյան, ո՞ր երկրում եք տեսել:
Կամ Հայաստանի 30 տարվա ընթացքում ո՞ր ղեկավարն է պարբերաբար խոսել «վնգստացող դատավորների» մասին: Իսկ դատարանների շրջափակման կոչի համար միայն, ցանկացած երկրում այդպիսի ղեկավարին իմպիչմենտի կենթարկեին:
Հասկանալի է, որ Տիգրան Հակոբյանը այս ամենը «չի կարող նկատել», որովհետև ավանդույթն է այդպիսին: Հայաստանում ՀՌՀ նախագահը միշտ պիտի «նկատի» միայն ընդդիմադիր լրատվամիջոցների թերությունները:
Այդպես է եղել, այդպես կա և հավանաբար այդպես դեռ երկար կլինի, քանի դեռ մենք չենք կարողացել կառուցել, իրոք որ «նոր որակի Հայաստան»: Որտեղ երկրի ղեկավարը դատավորներին «վնգստացող» չի անվանի ու իր ընդդիմադիրներին էլ չի փորձի «պատին ծեփել ու ասֆալտին փռել»:
Բնականաբար այդ Հայաստանում ընդդիմությունն էլ իր հերթին քննադատության բնական սահմանները չի անցնի: Քանզի բնության մեջ, այդ թվում նաև հանրային կյանքում, գործում է Նյուտոնի 3-րդ օրենքը:
Իսկ պարոն Հակոբյանը հաստատ գիտի դրա մասին, պարզապես չի ուզում խոստովանել, որպեսզի Փաշինյանի կողմից «պատին չծեփվի ու ասֆալտին չփռվի»:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը