Փաստինֆո-ն գրում է․ «Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113,5 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։
Հարցերին ի պատասխան՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգեւատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ որում՝ մարզպետարանը չի նշել, թե բացառություն կազմողների թիվը որքան է կազմել։ Փոխարենը հայտնել են, որ պարգեւատրումների ֆոնդը կազմել է 113.535.600 մլն ՀՀ դրամ։
Պարզվել է, որ Ամանորի կապակցությամբ լինելու են նոր պարգեւատրումներ՝ նախատեսված բոլոր աշխատակիցների համար. «հնարավոր է տարեվերջին մարզպետարանի բոլոր աշխատակիցներին տրամադրվեն պարգեւատրումներ»,- նշված է պատասխանում, առանց նշելու գումարի չափը։
Ի դեպ, մարզպետարանից չեն պատասխանել նաեւ հարցին, թե մարզպետը, նրա տեղակալները եւ գլխավոր քարտուղարը տարվա ընթացքում քանի անգամ են պարգեւատրվել եւ որքան է կազմել նրանց պարգեւավճարը։ Ավելին՝ հրաժարվել են հայտնել նաեւ, թե Ամանորի կապակցությամբ հավաքույթ կազմակերպելու են, թե ոչ։
Մարզպետարանից ասել են միայն, թե 2019 թվականի պետական բյուջեով ամանորյա հավաքույթի համար գումար չի նախատեսվել, թեեւ այդպիսի հարց ընդհանրապես չէր ուղղվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը