25 12 2019

Այսօրվա ստատուս քվոն մեզ համար բացասական է. Արման Մելիքյան



Արցախի Հանրապետությունը պարտադիր պետք է հանդես գա որպես ինքնուրույն, լիիրավ բանակցությունների կողմ, բայց դրա համար թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարությունը պետք է համապատասխան քայլերի հաջորդականությունը տեսնեն և գործը հանգեցնեն նրան, որ վեց ամիս, մեկ տարի հետ Արցախը դառնա բանակցությունների անմիջական մասնակից: Այս մասին Yerevan.Тoday-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

Հարցին՝ այսօր բանակցությունների հարցում կողմերն ունե՞ն մեկ ընդհանուր օրակարգ, թե ամեն մեկը շարունակում է առաջ տանել իրենը, մեր հյուրը պատասխանեց. «Ամեն մեկը փորձում է ինչ-որ մի համույթ ձևակերպել, որը միևնույն է՝ շարունակում է  պտտվել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց ադրբեջանական կողմը մեկ առավելություն ունի՝ իրենք կարողացել են համադրել տարածքի անվտանգության և կարգավիճակի խնդիրները: Հայաստանը տարածքի և կարգավիճակի խնդիրներն  առ այսօր չի կարողացել համադրել  մեկ համակարգի մեջ, և սա հայկական կողմի իսկապես թույլ աքիլեսյան գարշապարն է»:

Արման Մելիքյանի խոսքով՝ այսօրվա ստատուս քվոն մեզ համար բացասական է. «Այն բանակցային դրույթները, որոնցով հանդես է գալիս պաշտոնական Երևանը, մեզ համար բացասական է: Այս ստատուս քվոն, միևնույնն է, խախտվելու է, բայց խախտվելու պահին մեր բանակցային,  քաղաքական, իրավական ու դիվանագիտական դիրքը շատ խոցելի է լինելու»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությունն ավելացել է, Արման Մելիքյանն ասաց. «Չեմ կարող ասել, որ գործնականում այդ մասնակցությունն ավելացել է: Գուցե ավելացել է այն առումով, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ավելի շատ են խորհրդակցում  այս խնդրի շուրջ»: 

Արտգործնախարարի ելույթում բավականին հետաքրքիր շեշտադրումներ կային, բայց, այնուամենայնիվ, Մադրիդյան սկզբունքների շրջանակից այն  այդպես էլ դուրս չեկավ և այդպես էլ տարածքի խնդիրը Հայաստանի համար չդարձավ նույնպիսի առաջնահերություն,  ինչպիսին հռչակված էր կառավարության ծրագրում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ