25 12 2019

Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ. Լևոն Քոչարյանն ընթերցեց երկրորդ նախագահի ուղերձը



Դեկտեմբերի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը ընթերցեց երկրորդ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր.

«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ ու այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ: Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»,- ասված էր Քոչարյանի ուղերձում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ստորև ներկայացնում ենք նաև ուղերձն ամբողջությամբ.

«Հարգելի՛ բարեկամներ,

Ողջունում եմ ձեզ եւ այսօրվա միջոցառումը:

Ուզում եմ նախ եւ առաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Դուք եւ ձեր նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը, իրենց քաջության ու սկզբուքայնության շնորհիվ։

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացիր» կոչը։ Եթե 3 տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին։ Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։

Ուզում եմ այսօր, օգտվելով առիթից, իմ երախտագիտությունը հայտնել նաեւ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի «հարյուրի հայտարարությունը»։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է եւ ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով եւ չընկրկել որեւէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք. բանտախուցը ընկալում եմ՝ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ՝ հանուն Հայաստանի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր մենք կապրենք առանց կեղծիքի ու ստի, անամոթ պոպուլիզմի, կապրենք արժանապատիվ կյանքով։ Կզարգանանք՝ չզիջելով մեր ամենամեծ ու նշանակալի ազգային նվաճումը՝ մեր Հաղթանակը։

Սիրելի բարեկամներ,

Վստահ եմ, որ նորաստեղծ Ազատության հանձնախումբը կարող է դառնալ այն կառույցը, որը կմիավորի ոչ թե մեկ մարդու ազատության համար պայքարող մարդկանց, այլ բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի եւ Արցախի ապահով ու բարեկեցիկ ապագան։

Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում։ Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Շնորհակալություն

 Ռոբերտ Քոչարյան»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ