24 12 2019

Կարևոր է՝ ՀՀ-ում իրադարձությունները խզում չստեղծեն ՀՀ-ՌԴ շփումներում. ՌԴ դեսպան

Կարևոր է՝ ՀՀ-ում իրադարձությունները խզում չստեղծեն ՀՀ-ՌԴ շփումներում. ՌԴ դեսպան

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանը և ռուսական բիզնեսը ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: 

«Մեզ համար անչափ կարեւոր է, որպեսզի այն փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի ներսում եւ այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր սերտ հարաբերություններին, վտանգավոր խզում չստեղծեն այն ամենի, ինչ արվում է, եւ մեր հարաբերություններում տեղի ունեցողի միջեւ: Բնականաբար, այդ հարաբերությունները պետք է հարմարվեն փոփոխվող աշխարհին եւ փոփոխվող իրողություններին: Բայց սա գործընթաց է, հատկապես՝ եթե խոսքը դաշնակիցների մասին է, որը պետք է ենթադրի հարաբերություններին խնամքով մոտեցում, միմյանց շահերը հաշվի առնել, բայց նաեւ, բնականաբար, պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի անշեղ պահպանում»,- նշեց Ռուսաստանի դեսպանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել է և կա ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, որը գտնվում է մեր երկրի խիստ վերահսկողության տակ: Ռուսաստանը հանդիսանում է միջնորդ, որը ձգտում է լուծել հակամարտությունը քաղաքական մեթոդներով՝ կողմերի համար ընդունելի մոտեցումներով», - ասաց ռուս դեսպանը:

Կոպիրկինն անդրադարձավ նաև ՀՀ-ում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: Դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է: «Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ