2019թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 216 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 161-ը՝ չեզոք։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համար այս տասնօրյակը բացասական է։ Լրատվականները քննադատաբար են մոտեցել։
Օրերս Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիան ընդունել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական «համայնքի ղեկավարին»: Հանդիպումից հետո, լուսանկարը տեղադրելով թվիթերում, գրել է. «Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը «ԼՂ մարզում կկայանա»։ Այս դեպքից հետո քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի արտաքին քաղաքականությունը դաշնակից չթողեց Հայաստանին։ Ամեն բան զրոյացավ, ու հիմա այլևս նման լուրերը զարմանալի չեն։ Հայաստանի դիվանագիտական պաշտպանությունը ոչնչացված է։ Չկա»։
Քննադատության է արժանացել նաև Զոհրաբ Մնացականյանի փակ հանդիպումը լրագրողների հետ, որի մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել էր Դանիել Իոաննիսյանը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերահսկվում է «Սորոսի գրասենյակ»-ի կողմից։ Արմեն Հակոբյանն էլ է անդրադարձել դեպքին և գրել է. «Զ. Մնացականյանը, որ դիվանագիտական մեծ փորձով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնավորություն է, քիչ չէ, որ թույլ է տվել օտարերկրյա ազդեցության ակնհայտ գործակալներն իրենով մանիպուլյացիաներ անեն, դեռ մի բան էլ ձգտել է սիրաշահել նրանց, ասել բաներ, որ նրանք ուզում են լսեցնել հանրությանը: Ինձ դժվար է հասկանալ, թե այդ ի՞նչ վեհ գաղափարներ են, որ նրա նման պրոֆեսիոնալին ստիպում են դառնալ անձեռնահաս ու ստախոս, արկածախնդիր կառավարիչների գործակիցը կամ կույր գործիքը:Բայց դա դեռ մի կողմ»:
2019թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշվում է, որ Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել։
Որպես դրական հոդված դիտարկվել է այն վերլուծությունը, որում աբսուրդ է համարվում այն փաստը, որ որոշ ուժեր տարածել են Մամեդյարովի հայտարարությունը և նշվում է, որ պաշտոնական Երևանն՝ ի դեմս Զոհրաբ Մնացականյանի, օպերատիվ է արձագանքել Ադրբեջանի ԱԳ հայտարարությանը։
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։ Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և «փչացնել» ԱԳ նախարարին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը