23 12 2019

Իշխանությունը վախենում է ձայնի արժեքն իմացող անհատների ավելացումից․ Panorama.am

Իշխանությունը վախենում է ձայնի արժեքն իմացող անհատների ավելացումից․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «ՀՀ  Սահմանադրությամբ ամրագրված է՝  « Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Ինչպես նաև՝ « Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»: Այսինքն, ՀՀ քաղաքացին ազատ է ունենալ  սեփական կարծիք և արտահայտել այն։Նոր կոչվող Հայաստանում այդ նորմը փոխվե՞լ է․․․ եթե այո, ապա  փոփոխությունները պետք է հանրայնացնել․  եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով են մարդկանց մի խումբ բռնանում մեկ այլ խմբի կարծիքի վրա։ Տվյալ դեպքում  խոսքը  դեկտեմբերի 19-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման պահանջին միացած ևս 60 (+7 հաջորդ օրը) մշակույթի գործիչների դեմ սկիզբ առած ջղաձգումների մասին է։

 Հիշեցնեմ, որ մինչ այդ, ս․թ հոկտեմբերին մեկնարկված ստորագրահավաքին միացել էին 100 մտավորականներ, սպորտսմեններ և քաղաքական գործիչներ։ Այնուհետև  ՀՀ մարզերում և Արցախում նախաձեռնած, ինչպես նաև առցանց տիրույթում անցկացված  ստորագրահավաքներին միացել են ընդհանուր թվով մոտ 60 հազար մարդ։ Միայն առցանց տիրույթում ստորագրել է 40 492 մարդ։ Կատարվածին իբր  լուրջ չվերաբերվող և դա որպես հանրային պահանջ  չդիտարկող իշխանություններն  իրականում խիստ անհանգստացած են ավելացող ստորագրություններից։ Որովհետև անզեն աչքով էլ երևում է, որ արդեն իրենց ձայնն են բարձրացնում    մարդիկ,  ովքեր չխորանալով իրավական նրբությունների մեջ՝  համբերատար արդարադատության  էին սպասում։

Սակայն, հատկապես դռնբաց դատերին հետևելով՝  շատերը համոզվեցին, որ Ռ.Քոչարյանի նկատմամբ բնավ էլ իրավական նորմեր չեն գործում, և գիտակցեցին, որ եկել է իրենց խոսելու պահը։ Սեփական  ձայնի արժեքն իմացող անհատների ավելացումից են  վախենում իշխանությունները։

Նրանց օրինակին հետևող քաղաքացիների թվի ավելացումից են սարսափում․․․ Եվ  ահա իշխանությունների հատուկ  հրամանով՝ ինչ-որ մարդիկ ու խմբեր սկսեցին կասկածելի հայրենասիրության ու պետականամետության դասեր տալ  «դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռման» դեմ իրենց կարծիքը հայտնած մտավորականներին։ 

Այն էլ ի՜նչ  պիտակավորումներով ու վիրավորանքներով։Ամենից սիմվոլիկ-կրեատիվ հարձակումը  ստորագրողների դեմ (որոնց թվում 9 հանրահայտ  ռուսասատաբնակ հայազգի գործիչներ կան) ամերիկահայ  Քիմ Քարդաշյանին որպես «տղա բերելն էր»։ 

Հեռուստաաստղի «դաստիարակչական գրոհը»   համեմված  էր զուտ նորհայաստանյան որակումներով և չարությամբ, ընդ որում՝ առանց գրավոր կամ բանավոր բնօրինակի, հղումն էլ օդի մեջ՝«ամերիկյան մի պարբերականում»։  Եթե Քիմի փոխարեն ասելիքը վերագրված լիներ օրինակ   Արսինե Խանջյանին,  լուրը հազիվ թե անմիջապես  որպես  ֆեյքի  ընկալվեր։

Քիմը գոնե գիտե՞, որ ինքն այդպիսի բառեր է օգտագործել։ Ցանկալի կլինի,   որ  համացանցի մեծ գիտակ Քիմ Քարդաշյանը կամ հաստատի «ազգադավներին ու դավաճաններին» ուղղված իր խոսքը, կամ իր անվան հետ խաղացողներից  բացատրություն պահանջի։

Սա ժամանակի հետ պարզաբանվող հարց է։Ցավն ուրիշ է։ Այն, որ այս վայ իշխանություններն  ատելության  ու թշնամանքի հերթական չափաբաժինն են ավելացնում այն դեպքում, երբ արտիստների կոչն ավելի շատ հենց ահռելի չափերի հասած չարության դեմ է․ «․․․ մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը»: 

Մի՞թե ճիշտ չեն նրանք։ Հիմա միայն  կույրը չի տեսնում, որ սիրո և համերաշխության մասին հեքիաթները վաղուց կորցրել են իրենց հիպնոտիկ ազդեցությունը։ Իսկ հանրապետությունում ավելի ու ավելի խորացող    անհանդուրժողականության և թշնամության մթնոլորտը կարծես դիտավորյալ ավելի են թեժացնում գործող իշխանությունները  և անձամբ վարչապետ Փաշինյանը։ 

Նրանց այդ գործում օգնում են  ֆեյքերը, հանրապետության մեդիա դաշտը աստիճանաբար զավթող ՔՊ-քայլակաները, արևմտասեր գրանտակերները, և որ շատ ցավալի է՝  դեռևս  հեքիաթների հավատացող փոքրաթիվ ռոմանտիկները։

Այս վերջիններիս հետագա սթափվելն է ցավոտ լինելու, երբ բաց աչքերով ստիպված կլինեն ընդունել, որ իրենց  խաբել են կատարյալ Հայաստան կառուցելու փուչ խոստումներով։ 

Չնայած մյուս կողմից էլ պարզ է, որ քսանամյա  մշակման արդյունքում հենց միայն  Ռոբերտ Քոչարյանի անունն անմիջապես ուղեղի մթագնում է առաջացնում նրանց մոտ։ Եվ անտեսելով հանրային հաշտության կոչերի հանգուցային պահերը՝ կառչած են մնում միայն Քոչարյանին պատժված տեսնելու մտքից։ 

Չեն  էլ գիտակցում, որ իրենց կարճամտության պատճառով՝ տիկնիկավարների ձեռքին հենց իրենք են դառնում այն ցեցերը, որոնց  միջոցով են ջլատում են ազգի ամբողջականությունը։Փաշինյան-Տեր Պետրոսյան տանդեմն  ընդդեմ Քոչարյանի անհեռանկար պայքարն արդեն բաժանել է հասարակությանը։ Մշակույթի մարդիկ  ուրիշներից ավելի շուտ են զգում  կեղծիքի  և  չարի կործանիչ ուժը,   տեսնում են,   որ այսպես շարունակվելու դեպքում  կանջրպետվենք իրարից՝ հակառակ ափերում հայտնվածների նման։

Նրանք գիտեն, որ կամուրջ կառուցելը շատ բարդ ու դժվարին գործ է, իսկ պայթեցնելը վայրկյանների հարց է։ Կանխազգում են, որ այսօր առկա   հենց այս չարությունը կպայթեցնի մարդկանց իրար հետ  կապող կամրջակները․․․Հետո,  մի որոշ ժամանակ անց,  տարբեր ափերից կարոտով իրար նայելով  տարակուսած  կհարցնենք՝ « բայց ինչի՞ համար իրար դեմ դուրս եկանք»։ 

Նրա՞ համար, որ Սորոսի Լարիսան մեր Այբբենարանը  ապականի, թե՞ որ բյուջեն ծառայի մի քանի հոգու ոսկեձկնիկական երազանքներին․․․  Սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն-կգնան, հարցը հասարակության մեջ հարգանքը լրիվ չկորցնելն է և իրար հանդեպ թշնամությամբ չլցվելն է։

Ամեն ոք ունի իր կարծիքն ունենալու և արտահայտելու իրավունք, ինչպես նաև պարտավոր է հարգել դիմացինի այլ  կարծիք  ունենալու իրավունքը։  Համաձայնել կամ չհամաձայնելն այլ հարց է,  բայց ոչ ոք իրավունք չունի ստիպել  բոլորին՝ նույն կարծիքն ունենալ։ Միթե հենց այդ պարտադրյալ միակարծությունը չէր Սովետի  կործանումը  նախանշած կարևոր երևույթներից մեկը։ Հիմա  ժողովրդավարական երկիր ենք չէ՞, ուրեմն մի բռնացեք մարդկանց ազատ մտածելու իրավունքի վրա։ Կամ էլ ազնվորեն հայտարարեք, որ կուրսը փոխել և գնում եք  դեպի  ընտրյալներից բաղկացած բռնապետություն, որտեղից կաքսորվեն-կարտաքսվեն այլախոհները։ Թե այդ դեպքում ինչ կորոշեն այլ կերպ մտածողները՝ դա էլ իրենց իրավունքն է։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ