Tert.am-ը գրում է․ «Եթե անձն առաջնորդվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսով, դա գրեթե նույնն է, եթե ասի՝ «պետությունը ես եմ», արդյունքում՝ օջախի բյուջեն դառնում է նրա անձնական բյուջեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին սպասարկելու համար տրամադրվող ծախսերին՝ կառավարական առանձնատան վերանորոգում, վարչապետին, ապա նրա դստերն սպասարկելու համար ձեռք բերված ավտոմեքենաներ:
«Նա պետական բյուջեին վերաբերվում է որպես ընտանեկան բյուջե: Չէ՞ որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ ժողովուրդ ասելով՝ նա իրեն նկատի ունի: Արդյունքում մենք ստանում ենք կատարյալ դեմագոգիա: Նա նշում է, թե կառավարական ճոխ առանձնատունը վերանորոգել է, քանի որ այն ժողովրդի առանձնատունն է, և վարչապետինն է, ոչ թե իրենը: Իսկ նա իրեն պատկերացնում է ցմահ վարչապետ»,- ասաց Թևանյանը՝ ընդգծելով նաև, թե պատմությունից հայտնի է, որ հիմնական հանցագործությունները կատարվում են ժողովրդի անունից՝ լինեն պատերազմներ, պետության ներքին քաղաքականություն, թե որևէ այլ բան:
«Վարչապետը հայտարարում է, թե կոռուպցիայով չպետք է զբաղվել, և իմ կարծիքով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է այդ առումով: Նրա քաղաքականությունը հետևյալն է՝ ինչի պահանջ ունի, անում է պետական բյուջեի հաշվին: Թվում է, թե այստեղ կոռուպցիա չկա, բայց երբ ասում է՝ «Հայաստանն իմ օջախն է», այդ տրամաբանությամբ օջախի բյուջեն դառնում է նրա անձնական բյուջեն: Ուրեմն՝ բյուջեի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես բոլորս վարվում ենք մեր ընտանեկան բյուջեի հետ: Մենք մեր ընտանիքից չենք գողանում, չէ՞»,-ասաց քաղաքագետը։
Վերջինս նշեց նաև, թե վարչապետին ու նրա ընտանիքին սպասարկելու համար կատարված գնումները կամա, թե ակամա արդարացնում են նախկին իշխանություններին: «Ի՞նչ է ստացվում՝ փաստորեն նախկին իշխանության առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, հին ու մաշված ավտոմեքենայով է շրջել, հին ու մաշված առանձնատանն է բնակվել: Փաստորեն, նախկին իշխանությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապրել է բավական համեստ կյանքով»,-ասաց նա:
Թևանյանի խոսքով՝ պետական ծախսերի, սպասարկումների առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 քննադատը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: «Նա նախկինում քննադատում էր ճոխությունները, որպեսզի հասարակության տարբեր շրջանակներից կարողանար պոպուլիստական տեխնոլոգիաներով դիվիդենտներ հավաքել: Դա ստացվում էր, քանի որ, երբ հասարակության մեկ երրորդից ավելին, ըստ պաշտոնական տվյալների, աղքատ է, նման տեխնոլոգիաները հեշտ են կիրառվում: Իհարկե, բովանդակային հարցեր չեն քննարկվում, բայց ձևական առումով դա մարդկանցից էմոցիա է փախցնում»,- ասաց Թևանյանը։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեկ այլ պաշտոնյա աներ նույնը, հասարակությունը դրան այդքան ուշադրություն չէր դարձնի, քանի որ հենց Փաշինյանից է լսել «հակաօլիգարխիկ» հայտարարություններ, և հասարակությունը նրան հիշեցնում է բոլոր այն խոսքերը, որը նախկինում նա հնչեցրել է:
Թևանյանն ընդգծեց նաև, թե երևույթը միայն հայաստանյան չէ: «Սա հեղափոխականների հատուկ ֆենոմեն է, որը կոչվում է հեղափոխության առաջին ալիքի հիվանդություն: Դա և՛ ֆրանսիական հեղափոխության դեպքում է արձանագրվել, և՛ բոլշևիկյան հեղափոխության, և տարատեսակ այլ հեղափոխությունների: Վրացական «Վարդերի հեղափոխության» մասին խոսում էին, թե ահա անկեղծ և ազնիվ առաջնորդ է եկել, բայց իշխանություններն ուղղակի զբաղված էին տնտեսվարողներից սեփականություն խլելով, և հակակոռուպցիոն պայքարի անվան տակ կենտրոնացված տնտեսական համակարգ ձևավորեցին: Դրա ընդօրինակումը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում»,- ամփոփեց քաղաքագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը