Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստեղծված հանձնախմբի աշխատանքների արդյունավետությունը կախված կլինի քաղաքական իրավիճակից: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը և ընդգծեց. «Ակնհայտորեն Քոչարյանի գործի, ինչպես նաև մյուս գործերի՝ Սահմանադրական դատարանի, թե Սահմանադրական դատարանի նախագահի սանիկների հետ կապված, բոլորն էլ արդեն ժամանակի ընթացքում համոզվեցին, որ մենք գործ ունենք ոչ թե արդարադատության վերականգման, այլ քաղաքական հետապնդումների հետ: Մեկ մարդ իր քաղաքական քմահաճույքներից, իր հաշվարկներից ելնելով կայացնում է ինչ-ինչ որոշումներ, հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին»:
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը դելեգիտիմիզացնում է ամբողջ պետական համակարգը. «Երբ վերջում տեսնում է, որ արդյուքնների չի կարողանում հասնել մարդկանց կյանքի բարելավման և այլ առումներով, սկսում է մեղադրել տարբեր շրջանակների՝ պետական ապարատին խանգարողներին և այլն»:
Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ՝ ինչպես Քոչարյանի, այնպես էլ մյուս գործերի հետ կապված, իսկ լուծումները, ըստ Անդրանիկ Թևանյանի՝ բնականաբար լինելու են քաղաքական դաշտում և քաղաքական փոփոխությունների միջոցով. «Մենք գործ ունենք մարդու հետ, ով ինչ-ինչ հոգեբանական և քաղաքական նկատառումներից ելնելով որոշումներ է կայացրել: Դատարանների վրա ճնշումներն ակնհայտ են, և դատարանները բնականաբար կատարում են այն հրահանգը, որը ստացել են: Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ աննախադեպ թվով ինքնաբացարկ հայտնած մարդիկ են ի հայտ գալիս: Սա խոսում է այն մասին, որ գործը բացառապես քաղաքական է, այլ ոչ իրավական»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ թեկուզ Ռոբերտ Քոչարյանի գործում անձնական վրեժխնդրության խնդիր կար, հետո այն դարձավ քաղաքական, հիմա արդեն աշխարհաքաղաքական նշանակություն և ենթատեքստ ունեցող գործընթաց է:
Իսկ հարցին, որ եթե իշխանության նպատակն ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է, ինչպե՞ս պետք է հասնել արադարության, Անդրանիկ Թևանյանը նշեց. «Քայլերը պետք է քաղաքական դաշտում լինեն և հասարակական լայն կոնսոլիդացիայի միջոցով: Այս պահին ես շատ կարևորում եմ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդրի լուծումը: Ինչպես հայտնի է դատավորներին «օրենքով» կաշառելու մասին օրենքն ընդունվել է և ուղարկվել նախագահի նստավայր, որ ստորագրվի, հիմա եթե նախագահը իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը և ստորագրի, ապա կրելու է հավասար պատասխանատվություն այդ օրենքի կիրառման հետագա հետևանքների համար: Բայց նա կարող է ուղարկել Սահմանադրական դատարան օրենքի սահամնադրականությունը պարզելու համար: Կարծում եմ, որ մեր հասարակությունը, քաղաքկան ուժերը պետք է թույլ չտան, որպեսզի իրենց իսկ բառերով ասած՝ բուտկայի պես սեփականաշնորհեն Սահամանդրական դատարանը, որից հետո արդեն ամբողջական հարձակումը դատական իշխանության վրա կլինի ավելի լայնամասշտաբ: Դրանից հետո արդեն կունենանք բառիս բուն իմաստով բռնապետական համակարգ: Իհարկե, Հայաստանն այդպիսի ռեսուրս չունի և բռնապետությունը կարճ կտևի, բայց կհասցնի ահագին վնասներ տալ Հայաստանին, նույնիսկ անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ: Պետք է թույլ չտալ, որ բռանապետության փորձերի սկզբնական սաղմներն անգամ գլուխ բարձրացնեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը