19 12 2019

Կոչ ենք անում չստորագրել օրենքը և դիմել ՍԴ․ «Ազգային օրակարգը»՝ նախագահին

Կոչ ենք անում չստորագրել օրենքը և դիմել ՍԴ․ «Ազգային օրակարգը»՝ նախագահին

Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին,

Մեծարգո պարոն Նախագահ

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 1-ին հոդվածով նախատեսվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 4.1 մասով, որի համաձայն՝ «Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Վերոնշյալ իրավանորմի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ՍԴ դատավորների կողմից նշված իրավակարգավորմամբ նախատեսված հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ են հետևյալ էական պայմանների միաժամանակյա և պարտադիր առկայությունը.

ա) Նորմի գործողությունը տարածվում է միայն գործող մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորների նկատմամբ,

բ) Միայն այն դատավորների նկատմամբ, ովքեր հրաժարականի դիմումը կներկայացնեն Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Ակնհայտ է նաև, որ Օրենքով նախատեսված հնարավորությունը վերաբերվում է միայն այն դատավորներներին, ովքեր նշանակվել են ՍԴ դատավորի պաշտոնում մինչ 2018 թվականի ապրիլի 9-ը և իրավակարգավորումից օգտվելու համար նախատեսված չափազանց կարճ ժամկետը նպատակ ունի էապես սահմանափակելու նորմի հասցեատեր դատավորների ազատության աստիճանները։ Նշվածն ի դերև է դարձնում իշխանությունների բոլոր փորձերը՝ Օրենքը ներկայացնել կամավորության սկզբունքի քողի ներքո: Հակառակը՝ Օրենքի ընդունմանը նախորդած քննարկումներից ու Օրենքի հիմնավորումներից (travaux préparatoires) պարզ է դառնում, որ իշխանությունները որոշում են կայացրել հնարավոր բոլոր մեթոդներով ազատվել ՍԴ իրենց համար անցանկալի դատավորներից, իսկ Օրենքով նախատեսված արտոնությունն ընդամենն այդ նպատակի համար կանխորոշված գործիքներից մեկն է:

Վերը նշվածը կասկածի տակ է դնում Օրենքի սահմանադրականության հարցը, մասնավորապես՝ Օրենքով, փորձ է արվում փոփոխել Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետները որոշելու կարգը, ինչն անհամատեղելի է Սահմանադրության վկայակոչված նորմի և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ առանձնահատկություններով պայմանավորված այն սկզբունքի հետ, որի համաձայն Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը չի կարող կախման մեջ լինել երկրում իշխանությունների փոփոխութունից: Այս մոտեցմանն աջակցում են մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ ու համապատասխան ոլորտի հեղինակավոր մասնագետներ։ Հարկ է նշել նաև, որ խորհրդարանական ընդդիմությունն ամբողջությամբ և կազմակերպված դեմ է քվեարկել Օրենքի ընդունմանը:

Ելնելով վերոնշյալից և կարևորելով Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի իրական կենսագործման անհրաժեշտությունը, կոչ ենք անում Ձեզ, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող գլխավոր պաշտոնատար անձի, օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումից ՝ չստորագրել Օրենքը և դիմել Սահմանադրական դատարան՝ Օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով ու դրանով վերջանական լուծում տալ առկա իրավական անորոշությանը:

Հարգանքով՝ Խորհրդի նախագահ Արա Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ