19 12 2019

Ի՞նչ է «Վերնատունը» հորդորում Արմեն Սարգսյանին․ Top-news.am

Ի՞նչ է «Վերնատունը» հորդորում Արմեն Սարգսյանին․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կարեւոր ջրբաժանի առաջ, որից այս կամ այն կողմ քայլը էապես փոխելու է մեր երկրի զարգացման հետագա ընթացքը, ժողովրդի կյանքը, անվտանգությունը: Այդ քայլը պետք է անի նախագահ Արմեն Սարգսյանը, որի սեղանին է դրված Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Իհարկե, անցած ամիսների ընթացքում իշխանությունները բազմաթիվ վիճահարույց, մեղմ ասած, կասկածելի որոշումներ են կայացրել, խորհրդարանը նմանատիպ օրինագծեր է ընդունել, որոնք կրկին բազմաթիվ հարցեր են առաջացրել, բայց կաշառքին օրենքի ուժ տալու պրակտիկա ոչ մեր, ոչ էլ մեկ այլ երկրում դեռ չէր եղել:

Եւ այս իրավիճակում պատահական չէ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ: Այն ճիշտ ժամանակին է եւ ճիշտ շեշտադրումներով: Իսկ եթե ավելի պարզ, ապա ակումբը նախագահ Արմեն Սարգսյանին հորդորում է ընդամենը մնալ օրենքի եւ օրինականության շրջանակներում, առաջնորդվել ազգի եւ պետության շահերով:

Նմանատիպ հայտարարություններ պետք է որ անեին հասարակական-քաղաքական բոլոր ուժերը, որոնք կարեւորում են երկրի անվտանգությունը եւ օրինականության պահպանումը եւ շահագրգռված չեն Հայաստանում մենիշխանության հաստատումով:

Անշուշտ, հրաժարվելով կողմ քվեարկել այս ամոթալի եւ հակապետական օրինագծին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն իրենց յուրօրինակ հայտարարությունն արդեն արել են, ինչը որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանի համար պետք է եւս մեկ կարեւոր փաստարկ հանդիսանա:

Ի վերջո, Արմեն Սարգսյանը չպետք է մոռանա, որ իմքայլականների ընդունած օրենքը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրության միանգամից յոթ հոդվածների: Սա եւս կարեւոր փաստարկ է Արմեն Սարգսյանի համար որոշում կայացնելուց առաջ:

Այսօր կարծիքներ կան, որ այս կամ այն պատճառով Արմեն Սարգսյանը ստորագրելու է հակապետական օրենքի նախագիծը, բայց կարծում ենք, որ ի վերջո նա կառաջնորդվի պետության եւ ազգի շահերով, ինչպես նաեւ կմնա օրենքի եւ օրինականության սահմաններում եւ այն կուղարկի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Դժվար է չհամաձայնել «Վերնատան» հետ, որ ստորագրելով օրենքը` նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական եւ հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետեւանքների ողջ պատասխանատվությունը, բայց կարեւոր է շեշտել նաեւ, որ այս դեպքում երկիրը կհայտնվի անօրինականության եւ ամենաթողության վտանգավոր հարթությունում, որը ծանր եւ ավերիչ հարված կհասցնի մեր պետականությանը, եւ որից դուրս գալը ոչ միայն բավական դժվար եւ ժամանակատար կլինի, այլ նաեւ հյուծիչ եւ քայքայիչ, ինչն անթույլատրելի է հատկապես Արցախի խնդիր եւ Ադրբեջանի ու Թուրքիայի նման հարեւաններ ունեցող պետության համար:

Այս ջրբաջանից պետք է քայլ անել դեպի օրենքի եւ օրինականության տիրույթ, դեպի զարգացման եւ առաջընթացի տիրույթ, եւ ոչ թե հանուն ինչ-ինչ կասկածելի եւ խմբային շահերի երկիրը դնել հարվածի տակ:

Եւ այս իրավիճակում, այնուամենայնիվ, ուզում եմ լիահույս լինել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական կամք կդրսեւորի եւ կկայացնի օրենքից բխող եւ ազգի ու պետության շահերով ծնված որոշում:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ