18 12 2019

Եվ այս ամբողջ խայտառակությունը՝ ընդամենը 1,5 տարում

Եվ այս ամբողջ խայտառակությունը՝ ընդամենը 1,5 տարում

Սատիրիկները շնչահեղձ են լինում: Լրահոսը չի հասցնում «մարսել» իշխանության հասած «թավշյա» վերնախավի սկանդալները: Մի խայտառակ պատմությանը հաջորդում է մյուսը:

Խորհրդարանական ընդդիմության պատմուճանը մի կերպ ուսերին հարմարեցրած «Լուսավորը», որ փողոցային իշխանափոխության շահառու դարձավ, որպես Փաշինյանի հետ «Ելք» դաշինքակից, հետ է կանչում Երևանի ավագանու իր ամենից ակտիվ, քաղաքային իշխանությանը թերևս ամենից անխնա քննադատող ներկայացուցչին: Վերջինս չի ասում, թե՝ «էդ ինձ ըսպառնըըըմ ե՞ք...»: Բայց Էդմոն Մարուքյանը, որպես կուսակցապետ ինչ-որ բաներ է թոթովում լրագրողների առաջ, ու թե բա՝ «մենք ընդդիմություն ենք»: Հա, իրենց ներկայացրած կազմակերպությունը լավ ընդդիմություն է... իրական ընդդիմությանը: Իսկ իշխանությանը քննադատող իր անդամին չեզոքացնելուն ուղղված քայլը շատ ավելի լավ է բնորոշում, թե ինչ մութ իշխանահաճո կրքեր ունի «Լուսավորը»:

Բա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին ՔՊ-ականների փոխանցած գումարնե՞րը: Այն, որ անցյալ տարի ափալ-թափալ կազմակերպված աշխարհի «ամենաարդար», «ամենաբյուրեղյա» արտահերթ ԱԺ ընտրություններից առաջ «քաղպայմանագրային», Ն.Փաշինյանի զինակիցները, յուրաքանչյուրը ուղիղ 5 միլիոն դրամ փոխանցել էին իրենց նախընտրական հիմնադրամին: Այդ շարքում մարդիկ կան, որոնց այդպես էլ ուզում ես հարցնել. «...եղբայր (տիկին), քեզ որտեղի՞ց այդ 5 միլիոն դրամը, որ փոխանցել ես նախընտրական հիմնադրամին: Դու քո օրում 3 կամ թեկուզ 2 միլիոն դրամ իրար կողք դրված միանգամից տեսած կա՞ս»: Դե, ո՞ւմ պարզ չէ, թե այդ ինչպես կարող էր լինել, որ նման անձինք հանկարծ միանգամից փողավորվեցին: Տնաշեննե՜րը, գոնե մի փոքր մտքի ճկունություն բանեցնեին ու 10-15 հոգով նույն՝ 5 մլն դրամի չափով փոխանցում չանեին: Ենթադրելի է, որ «երկնքից» մի 100 միլիոն դրամ է ընկել, հավասար բաժանել են ու իրենց անուններից փոխանցել նախընտրական «օբշյագ», կներեք, հիմնադրամին:

Եվ ո՞վ է քննելու այս պատմությունը, ո՞վ է փարատելու քաղաքական կոռուպցիայի այս կասկածները: Գուցե կառավարությանը լիովին ենթակայեցված ՀՔ ծառայությո՞ւնը:

Մի ասեք, գիտեմ, որ քմծիծաղելի է հնչում:

Իբր ամեն ինչ շիտակ էր, մեկ էլ պարզվում է, որ պետական միջոցներով, այդպես մի ինչ-որ 27 հազար դոլարի չափ ծախսով «Նիսսան» են գնել վարչապետի դստեր համար: Աղմո՜ւկ բարձրացավ: Ու մեկ էլ հայտնվում է վարչապետի ժպտադեմ, սափրված մամուլի քարտուղարն ու թե՝ ամեն ինչ օրենքով է, օրինական է, այդ մեքենան ձեռք է բերվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին համապատասխան՝ վարչապետի դստեր պահպանության ծառայությունն իրականացնելու նպատակով: Կարճ ասած՝ «պադավատ» է: Իսկ կարճ չասած՝ վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղարին կարելի է հորդորել, որ ավելի լավ է՝ միայն ժպտա, չխոսի:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի դստեր համար պետական միջոցներով թանկարժեք ավտոմեքենա գնելու սկանդալի դեպքում իշխանության մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Բայց հարց է ծագում, էլի: Հասկանալի է՝ հռետորական: Բա չգրվա՞ծ օրենքները: Բա, ախար, պարոնայք Վ.Կարապետյան, Ն.Փաշինյան և մյուս-մյուսներդ, դուք ոչ այնքան վաղուց ձեզ մեջտեղից պատառոտում էիք պետական միջոցների անարդյունավետ ծախսերի թեմաներով, պախարակում «պադավատներն» ու անխնա ձաղկում և ծաղրում նախորդ իշխանավորներին՝ այդ և ոչ միայն այդ «հողի վրա»: Ու նաև նման բոցակեզ ելույթների հաշվին ինքներդ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, դարձաք իշխանություն՝ իրագործելով «Քաջ Նազարի» վերաբերյալ համաժողովրդական դարավոր երազանք-ուտոպիան:

Փաստորեն, այն ընդդիմադիրոտ ժամանակներում անբասիր ու անբիծ կեցվածքով կամ դիմակով ձեր այդ բոցաշունչ ելույթները այն պատճառով էին, որ ինքներդ «պադավատ» չունեիք: Թե ինչո՞ւ նախորդները ձեզանից ամեն մեկին մի-մի իմպռտնի «թույն» ավտո չնվիրեցին՝ «շնորհքով, օրենքի տառին համապատասխան»:  

Չնայած, անիմաստ է որևէ, անգամ հռետորական հարց ուղղել գործող իշխանությանը: Այն արդեն անհաղորդ է, վարակվել է բոլոր իշխանություններին ախտահարող խլությամբ: Եվ հետո, «թավշյա» իշխանության պարզաբանումները արդեն անհետաքրքիր էլ են. նույն տափակ, «մենք միշտ ճիշտ ենք», «ամեն ինչ օրենքով է» և նման այլ տրաֆարետ պատասխաններ: Նորությունը թերևս «կծեփենք, կփռենք, կկտրենք...» նյարդային բղավոցներն են:

Հարցեր ավելի շատ նորիշխանավորների պաշտամունքով տարված բազմությանն է պետք ուղղել: Ոչ թե իշխանական հաստիքային ֆեյքերին, այլ իրական մարդկանց, նրանց, որ «մի այլ կարգի» ոգևորվելզ էին, իսկ հուսախաբությունից ամեն ինչ պատրաստ են արդարացնել:

Նշված բոլոր խայտառակությունները կբավականացնեին ցանկացած իշխող քաղաքական ուժի՝ իշխանություն լինելու, ասենք՝ 3-4 տարվա համար: Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման կամ «Նիկոլի թվի» միայն առաջին մեկուկես տարին է: Դեռ ինչե՜ր են լինելու:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ