17 12 2019

Սա ավելի շատ կորսված հնարավորությունների տարի էր. Քաղտեխնոլոգ



Սա ավելի շատ կորցված հնարավորությունների տարի էր: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը. «Ակնկալիքներն ավելի շատ էին՝ բոլոր ասպարեզներում, ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության դեպքում էլ չեմ կարող ասել, որ կան լուրջ ձեռքբերումներ: Արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական առումով կարծում եմ՝ տեղաշարժեր չկան, կան մանևրելու ձգտումներ, թեպետ խոստանում էին, որ գործընթացները լինելու են մաքսիմալ թափանցիկ, այնուամնայնիվ ավելի քան մշուշոտ է այս ամենը»:

Բանակցային գործընթացների համատեքստում Վիգեն Հակոբյանը նաև անդրադարձավ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի վերջին հայտարարությանը, թե որևէ խնդիր չեն տեսնում, եթե բանակցություններին մասնակցեն նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները. «Այդ մասին Հովհաննես Իգիթյանը գրեթե բաց տեքստով ասաց, հետո փորձեց փոքր ինչ լղոզել այդ ամենը, բայց արդեն ասվել էր դա: Քանի որ նա բավականին փորձված քաղաքական գործիչ է, մի քիչ կասկածում եմ, որ դա ուղղակի ասվեց, ինչ-որ տեղ դա գուցե հնչեցվեց, որպեսզի արձագանքները ստուգվի»:

Ինչ վերաբերում է, առհասարակ, նոր իշխանությունների՝ երկրի կառավարման տեխնոլոգիաներին, մեր հյուրը նշեց. «Երկրի կառավարումը միայնակ է իրականացվել և չեն ձևավորվել ինստիտուտներ: Նիկոլ Փաշինայնը որոշում է, հանձնարարում է, հետո տեսնում է, որ չի կատարվել, կամ կատարվել է այն մակարդակով, որ ավելի լավ էր չհանձնարարել: Ինքը ստիպված է լինում մեկ շաբաթ տևած աղմուկից հետո «լայվ» մտնել և փորձել իր նախարարների սխալները, հերթական սկանդալները ծածկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ