13 12 2019

Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն, թող ձերբակալեն․ Ռուբեն Հայրապետյան․ 168TV



168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:

Նա անդրադարձել է իր տանը և շինություններում կատարված խուզարկություններին՝ նշելով․ «Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն, թող ձերբակալեն, ես ոչ մի տեղ չունեմ գնալու, թող ձերբակալեն։ Մեր տեսակներին ձերբակալելով չեն կարող վախեցնել»։

Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերների միջոցով իրեն հորդորել է, որ փախնի երկրից, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն բռնելու հրաման է տվել։

Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից․

«Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ: Թող ստուգեն, բայց վեցերորդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալների վերաբերյալ ինֆորմացիան կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել. ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո դատավորի կարգավիճակ ընդունել և պարզել, որ ես հափշտակել եմ: Միգուցե պարզվի, որ այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել: Ես չեմ բացառում, որ կարող է սխալներ եղած լինեն, բայց այն թվերը, որոնք իրենք հայտարարում են, ուղղակի ծիծաղելի է»:

 «Ինչպես կասեր մեր ժամանակների դասականը՝ ակուռատնի, բայց չներխուժեցին, եկան մեր բնակարան: Որևէ վատ բան չեմ կարող ասել նրանց կամ նրանց գործողությունների մասին, շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթեր են փնտրել»:

«Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է: Միշտ կարելի է ամեն ինչ խոսել: «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թ.: Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել: Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Նա այդ մասին մի առիթով ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Ռ. Հայրապետյանը պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել և Խաչատուր Սուքիասյանին հորդորել.  «Խաչատուր Սուքիասյանն ավելի լավ է՝ թող իր միակ տղայի հարսանիքի սրահը զարդարելու գումարները վճարի»:

«Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»։

«Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն։ Գիտե՞ք դա ինչի համար են ասում, որ թողնես գնաս ու միանգամից «մասկի շոուն» անեն, կասեին տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու որեւէ տեղ չունեմ, ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն։ Կոչ եմ անում նաեւ ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն։ Երբ զանգեն ինձ ասեն, մենք ուզում ենք քեզ ձերբակալել, արի, ազնվորեն ասում եմ՝ որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում եւ ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ