Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիշո՞ւմ եք այն փաստաթղթի պատմությունը, որը գաղտնազերծեց վարչապետ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի գաղտնազերծման՝ այդ փաստաթղում վերլուծվել և արձանագրվել էր, որ «մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»:
Այսօր, կառավարության նիստի ընթացքում, Փաշինյանը հայտարարում է, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Որ պետական համակարգը, վերից վար, դիմադրում է բոլոր այն հաջողություններին, որոնք ձեռք է բերվել մինչև հիմա այս կառավարության կողմից: Վարչապետը բացահայտեց նաև, որ այսօր պետական համակարգը չունի պոտենցիալ՝ մշակելու ռազմավարություններ:
Փաստորեն արձանագրվում է, որ բոլոր նախարարություններում մենք չունենք այնպիսի կադրեր, որոնք ի զորու են պետության խնդիրները լուծելու: Ավելին, նույնիսկ այդ նույն պետական համակարգը, ըստ Փաշինյանի, դիմադրում է անգամ կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետը պնդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ի հեճուկս իրավապահ համակարգի, և սա այն դեպքում, երբ առանց իրավապահ համակարգի անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ:
Բայց պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը գործող պետական համակարգ ունենալու համար անգամ հույս էլ չունի, քանի որ, կրկին ըստ վարչապետի, եթե նույնիսկ այս պետական համակարգը դնենք մի կողմ և հայտարարենք, որ պետական համակարգի բոլոր պաշտոնները թափուր են, չի հաջողվելու համալրել բանիմաց և նպաստ բերող մասնագետներով:Մի՞թե մենք հիսուն տարի (լավ, մի քիչ պակաս) այլևս երբեք չենք կարող ունենալ կենսունակ և գործունակ պետական համակարգ:
Այդ դեպքում ի՞նչ է ստացվում: Չի՞ ստացվում արդյոք, որ իշխանափոխությունից 1.5 տարի անց մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է12 տարի զբաղեցնելով պետական պաշտոններ (կրտսերից մինչև բարձրաստիճան) վստահաբար պնդում եմ, որ պետական համակարգի «անգործունակությունը» վերից վար չէ, այն բացառապես վերից է․․․
Լուծումն ավելի քան պարզ է․ վարչապետը պաշտոններից ազատում է բոլոր նախարարներին և նշանակում է բանիմաց նախարարներ, իսկ եթե չգտնի այդպիսի թեկնածուներ, ապա ճիշտն իր հրաժարականը կլինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը