12 12 2019

Փաշինյանի հերթական և «արտահերթ» ստերը՝ նույն ելույթում

Փաշինյանի հերթական և «արտահերթ» ստերը՝ նույն ելույթում

Մեր նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային Ժողովում 2020թ․-ի բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթին, որն ամբողջությամբ կառուցված էր ապատեղակատվության և մանիպուլյացիաների վրա։ Նախորդ հրապարակմամբ  մատնանշել էինք նրա կողմից աղավաղված կամ կեղծիք հանդիսացող վեց թեզեր՝ համապատասխան տվյալներով։  

Այժմ շարունակենք անդրադառնալ այդ շարքին։

Եվ այսպես յոթերորդ սուտը, որ հրամցրել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, ներդրումների մասին է։ Նա խոսել է ներդրումների իբր աճի մասին «նախորդ շրջանի համեմատ» այդպես էլ չնշելով, թե ո՞ր շրջանի ներդրումների մասին է խոսում և ո՞ր շրջանի հետ է դրանք համեմատում։ Այսինքն, դատարկ խոսքեր ինչ-որ թվերի մասին, իսկ իրականում Հայաստանում օտարերկրյա ներդումները նվազել են։ Այդ մասին բազմիցս է խոսվել տնտեսագետների կողմից, իսկ դրանց հեղափոխական տեմպերով նվազման թվային ցուցանիշներին անդրադարձել ենք նաև մեր այս հրապարակմամբ ։

Չկրկնվենք և անցնենք մյուս ապատեղեկատվությանը։

Ութերորդ սուտը պետական բյուջեի եկամուտների 353 մլրդ դրամ աճի մասին է։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքում նախ ասվում է, որ «հեղափոխական ծավալներով» բյուջեի եկամուտներն այդքանով ավելացրել են 2018 թ.-ի համեմատ, ապա՝ ասվում 1,5 տարվա ընթացքում։ Անհայտ է մնում, 2019 թ․-ի 10 ամիսների՞ն են այդքան ավելացել բյուջեի եկամուտները նախորդ 10 ամիսների տարվա համեմատ, թե՞ իր իշխանության գալուց հետո։ Բանն այն է, որ երկու դեպքում էլ պաշտոնական տվյալները համեմատելով, տեսնում ենք, որ ոչ մի կերպ 353 մլրդ դրամ չի ստացվում։

Եթե համեմատում ենք 2019 թ․-ի հունվար-հոկտեմբերը 2018 թ․-ի հունվար-հոկտեմբերի հետ, ապա բյուջեի եկամուտների աճը 206 մլրդ դրամ է։ Եթե 2018 թ․-ի տարեկան ցուցանիշներն ենք համեմատում 2017 թ․-ի տարեկան ցուցանիշների հետ, ապա աճը 103 մլրդ դրամ է։ Ընդ որում, հաշվի առնենք, որ 2018 թ․-ի հունվար-մայիսի բյուջետային եկամուտները  նախորդ կառավարության կողմից հավաքվածն են։ Եթե վերոնշյալից 103 մլրդ դրամից էլ հանենք այդ ամսիներին նախորդ կառավարության լրացուցիչ հավաքված 19 մլրդ դրամը, ապա կմնա 84 մլրդ դրամ։ Այսպիսով, 2018 թ․-ին Նիկոլ Փաշինյանի կառավարման ամիսներին լրացուցիչ հավաքված 84 մլրդ դրամը գումարենք այս տարվա հունվար-հոկտեմբերին լրացուցիչ 206 մլրդ դրամին՝ կստացվի 290 մլրդ դրամ։ Երևի Նիկոլ Փաշինյանի դարձյալ «սխալ են զեկուցել», չասելով, որ 290 մլրդ դրամն ու 353 մլրդ դրամը նույնը չեն։ Ինքն էլ հավանաբար այնքան էլ լավ չի թվաբանությունից, և ստացվել է նման անհարմար վիճակ։ 

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ լրացուցիչ հավաքված 290 մլրդ դրամից մոտ 60-70 մլրդ դրամը ավտոմեքենաների ներմուծման ծավալների շեշտակի աճի շնորհիվ է եղել, որի հետ այս կառավարությունը կապ չունի։ Եթե սա էլ հանենք, ապա բյուջեի ցուցանիշների «հեղափոխական ծավալներով» աճից ոչինչ չի մնա՝ նման աճեր եղել են նաև նախկինում։

«Ես ուզում եմ ասել, որ այս ցուցանիշները չեմ ասում, չեմ բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործով գովելու համար», շարունակել է Նիկոլ Փաշինյանը,  շատ լավ հասկանալով, որ կառավարության կողմից արված «գործ» առանձնապես չկա, որի համար գովելու բան լինի։ Այնուհետև, նա, ըստ էության, փորձել է արդարանալ փոքր բիզնեսի նկատմամբ կիրառվող հարկային ահաբեկչության համար՝ ՀԴՄ կտրոնների մասով, որը դարձել է նրա համար «իդեա ֆիքս» և որի մասին նույնպես կան մարդիկ, որ գտնում են դարձյալ «վարչապետին սխալ են զեկուցել»։

Եվս մեկ, այսպես ասած, «արտահերթ» սուտ՝ կապված բյուջեի, ինչպես արդեն տեսանք՝ կեղծ ցուցանիշների հետ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքն ու իր կառավարությունը «չորս-չորս լոնքերով է թռնում» բյուջեի եկամուտները հավաքելիս, իսկ ընդիմադիրները՝ իբր ասում են «չէ, ոնց եք չորս թռնում 12 թռեք միանգամից»։ Պարզ է չէ՞, որ իրականում ոչ մի ընդդիմադիր երբեք ներկայիս կառավարությանը չի ասել «լավ եք աշխատում, պետք է ավելի լավ աշխատեք»։ Սա կամ Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայության արդյունք է կամ «հպարտներին» հիմարացնելու շարունակվող գործելաոճ, կամ՝ երկուսը միասին վերցրած։

Եվ այս ամենի վերջում՝ «թավշյա վարչապետը» հայտարարում է, որ 2019 թ․-ին Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից և շուտով առաջ կանցնենք նաև Ադրբեջանից։ Նկատի ունենալով, որ այս ապատեղեկատվությունը հերքելու համար ավելի մանրամասն թվային ցուցանիշներ ներկայացնելու անհրաժեշտության  կա, թեմային կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։

(Շարունակելի)

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ