Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով՝ իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը։ Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին։ Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձևավորում են ուրիշ Հայաստանի բարքերը՝ գաղտնալսել, մատնել, թաքուն նկարել և այլն։
Մամուլում մի տեղեկություն սպրդեց, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին վարչապետ Փաշինյանը հրավիրել է հանդիպման և իր ընդունարանում բռնել տվել։ Ես անկեղծ սպասում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքվի կամ առնվազն սպառիչ կերպով պարզաբանվի։ Հակառակ դեպքում, եթե դա ճիշտ է, շատ դժվար կլինի ապրել մի երկրում, որի հեղափոխական վարչապետը շենքի լիազորի հոգեբանություն ունի։
Ինչ վերաբերում է բուն օրենսդրական փոփոխությանը, ապա Հայաստանի նման փոքր և բազմաթիվ թայֆայական կապերով ծանրացած երկրում դա լուրջ խնդիրների կբերի։ Ինչո՞ւ նախկինում չէր տրվում այդ թույլտվությունը։ Կա մեծ ռիսկ, որ չի ապահովվի վերահսկելիությունը։ Ուղղակի կգաղտնալսեն՝ ո՛ւմ ուզեն, ե՛րբ ուզեն, ո՛ր հարցի համար ուզեն։ Պարզ ասած՝ գաղտնալսումը կարող է կրել կոմերցիոն բնույթ՝ անձնավորված շահի մոտիվացիայով։
Բացի այն, որ երկրում մթնոլորտը դառնալու է թուրքմենական, որտեղ սեփական տներում, ընտանիքի ներսում են մարդիկ վախենում ազատ խոսել, կա մեծ հավանականություն՝ գաղտնալսման արտահոսքի, վաճառքի, ի չար օգտագործման, մասնավոր շահի համար օգտագործման։ Ահա թե ինչու նախկինում միշտ հրաժարվել են այդ գաղափարից և իրավունքը տվել միայն ԱԱԾ-ին։ Սա տալիս էր վերահսկողության, զսպվածության որոշակի երաշխիքներ։
Ծագելու է տրամաբանական հարց՝ ինչո՞ւ նույն իրավունքը չտալ ՀՔԾ-ին կամ Քննչական կոմիտեին, կամ ՊԵԿ քննչականին և այլն։ Դա անպայման կլինի այն պահին, երբ իշխանության վախերը ավելի սաստկանան, և կասկածամտությունն ավելի խորանա։ Երբ ԱԱԾ-ի և ոստիկանության հանդեպ կասկածամտությունը դառնա ավելի ուժգին և մեկ այլ հավատարիմ հատուկ ծառայության անհրաժեշտություն զգացվի։
Քննարկումների ժամանակ ԱԺ ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի հետաքրքիր բան ասաց. եթե ժամանակին լիներ այս օրենքը, ապա չէր լինի «Մարտի 1»-ը։ Երևի նա ճիշտ է։ Եթե ժամանակին իշխանությունները լինեին ավելի զգոն, ապա շատ ավելի վաղ, քան «Մարտի 1-ին», կբացահայտեին, թե ով և ովքեր են բանակցում ուժայինների, պաշտպանության փոխնախարարների, զորամասերի հրամանատարների հետ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու համար, ով էր բանակցում ԱԳՆ-ի և այլ պետական հաստատությունների աշխատակիցների հետ՝ դրանք կազմալուծելու համար, ով էր նախքան ընտրությունները ասում, որ ընտրությունների արդյունքները մեզ համար կարևոր չեն, կարևորը ընտրություններից հետո մարդկանց փողոց հանելն է... և այլն, և այլն։ Եթե այս ամենը շուտ գաղտնալսվեր և շուտ կանխվեր, գուցե իսկապես չլիներ «Մարտի 1»-ը։
Այս պատմությունն ունի մի տհաճ զավեշտ ևս։ Պատգամավոր Սիփան Փաշինյանի ներկայացրած օրինագիծը ստանում է 82 կողմ, այսինքն՝ գրեթե ամբողջ «Իմ քայլի» ձայները, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Կա երկու տարբերակ. կամ «գեղի շուստրիություն» ենք անում և Հայաստանում այսօր ունենք խորը գավառապետություն, կամ Լուլուն ճիշտ էր՝ մեծամասնությունը կառավարության հենարանը չէ, և մեզ մոտ լուլուապետություն է։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը