11 12 2019

Ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդկանց կանչում հրապարակ․ 7or.am

Ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարդկանց կանչում հրապարակ․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Հեղափոխական էյֆորիան անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանի՝ փողոցում մարդ հավաքելու և 2018–ի գարնանային ֆոտոն ստանալու բոլոր փորձերը տապալվել են։

Իրեն զանգվածներ են պետք՝ ցույց տալու համար, որ գերբարձր վարկանիշ ունի, որ ժողովուրդն իր հետ է, որ մարդիկ հավանություն են տալիս իր քայլերին։

Նիկոլը տապալվեց դատարանները շրջափակելու կոչի ժամանակ։ Ամբողջ հանրապետությունով հազիվ մի հազար հոգի էր արձագանքել նրա ապօրինի կոչին, այն էլ՝ այդ հազարը հիմնականում քայլարածներն էին, վարչական ռեսուրսը, պատգամավորները։ Նույնիսկ Փաշինյանի անձնական մասնակցությունն ապօրինությանը չապահովեց գլխաքանակ։

Փաշինյանի՝ 2018–ի գարունը կրկնելու ծրագիրը չիրագործվեց նաև 2019–ի գարնանը՝ «քաղաքացու օրը»։ Պլանավորվել էր, որ այդ օրը պետք է մարդիկ ցերեկը դուրս գային փողոց ու երեկոյան հավաքվեին Հանրապետության հրապարակում, ինչպես որ «թավշյա» օրերին։ Բայց փողոցում կերած խորովածից բացի այլ բան Փաշինյանի մոտ չստացվեց, քանզի մարդկանց ճնշող մեծամասնությունը չուզեցավ մասնակցել հեղափոխական թամաշային։ Հրապարակի միտինգը ստիպված չեղյալ հայտարարվեց, մինչդեռ Նիկոլը բոցաշունչ ելույթ էր պատրաստել։

Գլխաքանակ ապահովելու ու զանգվածների առաջ ելույթ ունենալու համար Նիկոլը թանկարժեք տարբերակով ԱՄՆ էր հասել։ Սպասված գլխաքանակը չկար, բայց ինչ որ զանգված հավաքվել էր. ամերիկահայերի այդ հատվածի համար էյֆորիան դեռ մնացել է։

Գլխաքանակ ապահովել էին Նիկոլի համար նաև Ստեփանակերտում օգոստոսի 5–ին։ Այդ օրն էր, որ նա պոպուլիստական հայտարարություն արեց ու խնդիրներ առաջացրեց Հայաստանի և Արցախի համար։

Բուն Հայաստանում նա արդեն զանգված չունի և վախենում է դրանից։ Դրա համար էլ այլ առիթ է ուզում օգտագործել «վեննա» մտնելու համար։ Այդ առիթը Նոր տարին է։ Վարչապետն ու իր կինը՝ Աննա Հակոբյանն այսօր համոզում էին հպարտ քաղաքացիներին դեկտեմբերի 31–ի գիշերը գալ Հանրապետության հրապարակ։ Եթե համոզում են, ուրեմն մի շահ ու հաշվարկ ունեն։

Փաշինյանը հսկայական ծախսեր է արել, որպեսզի մարդկանց շահագրգռի հրապարակ գալ՝ խոստանալով բրդուճ, հոթ–դոգ և գինի։

Նպատակը պարզ է՝ մարդկանց հավաքել հրապարակում, և եթե գլխաքանակը շատ լինի, ապա նրանց ֆոնին խոսել, նկարվել ու բեմադրել «Նիկոլի միտինգ» կինոն։

«Ժողովրդի» վարչապետին հիմա այլ բան չի մնում, քան մարդկանց «կուտ» տալով հրապարակ բերելն ու նրանց ֆոնին միտինգ անելը։ Դա է պատճառը, որ Աննա Հակոբյանն առաջարկում է մոռանալ բլինչիկները ու գալ հրապարակ, իսկ Փաշինյանը խոստանում է բրդուճներ (հպարտների հաշվին, բնականաբար) ու կրկին կանչում հրապարակ։

Մի խոսքով, Նիկոլը բյուջեից դուրս գրված գումարներով փորձում է մարդկանց համոզել ու բրդուճ–գինիով բերել հրապարակ՝ սելֆիի հետևի ֆոն օգտագործելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ