Օրերս, այն էլ՝ խորհրդարանի ամբիոնից, խոսելով ՀՅ Դաշնակցության մասին, ավելի ճիշտ՝ հարձակվելով ՀՅԴ վրա և իր աջակցախմբին հարձակման ազդանշան տալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ այն «...երկար տարիներ եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»:
Դաշնակցությունն ու դաշնակցական գործիչները, իհարկե, պատասխանել են և դեռ էլի կարտահայտվեն: Քավ լիցի, ՀՅԴ գործունեությունը դեռևս Նիկոլ Փաշինյանի որևէ կամայական հրահանգով կասեցված չէ (ինչպես, ասենք, դա արվեց 1994-ի դեկտեմբերի 28-ին, այն ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով): Հա, ու դաշնակցական-պրոդաշնակցական լրատվամիջոցներն էլ զանգվածաբար դեռ փակված չեն, ունեցած-չունեցածն էլ իշխանության կարիքները հոգալու համար թալանված-գողացված չէ: Դեռ:
Բայց մի երկու հարց վերոհիշյալ հայտարարության վերաբերյալ ծագում է: Հատկապես, որ դա Նիկոլ Փաշինյանն է ասում:
Ընդամենը մեկուկես տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը բավականին սիրահոժար ընդունեց նույն ՀՅԴ-ի, ընդգծեմ՝ իր իսկ մատնանշած հենց այն դաշնակցական ղեկավար ներկայացուցիչների հետ համագործակցությունը, երբ բավարար թվով ձայներ էին պետք՝ գոնե ձևական առումով օրենքին համաձայն վարչապետ նշանակվելու (ընտրվելու) համար: Նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում ընդգրկվեցին ՀՅԴ ներկայացուցիչներ, նշանակվեցին նախարարներ ու մարզպետներ, այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցրեցին:
Հարց. 2018 թվականի մայիս-հոկտեմբերին ուրի՞շ Դաշնակցություն էր, թե՞ ձեռնտու չէր հիշել «ապօրինի իշխանության» ու հենասյուների մասին:
Ենթադրենք, որ դա այսպես ասած քաղաքական «շուստրիություն» էր, այսինքն՝ Փաշինյանի շահերից այդ պահին բխում էր, որ ՀՅԴ-ն «պուպուշ» լինի, իսկ երբ արդեն նպատակային թիրախը խոոցված է՝ ինքն իշխանության ղեկին է, արդեն կարելի է և ՀՅԴ-ին «քցել», ինչպես ասենք՝ «քցվել» են այլ ուժեր ու գործիչներ: Ու ոչ միայն «նախկին ռեժիմից» եկած:
Մեկ ուրիշ, ավելի սկզբունքային հարց կա, կապված «ապօրինի իշխանություն» գնահատականի հետ, որ գործող իշխանության ներկայացուցիչների շրջանում տարածված կարծրատիպ է, գրեթե աքսիոմա: Դե, դա այն մանիպուլյատիվ թեզի արգասիքներից է, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունն ու Հայաստանում հակաժողովրդավարական անձնիշխանության հաստատումը բացարձակապես ոչինչ չի եղել, միայն ալան-թալան, ոչինչ չի կառուցվել, ոչ մի կառույց չի գործել, և ահա միայն «մեսսիա»-Նիկոլի գալուց հետո վերջապես «արև բացվեց մեր աշխարհում»:
Անցած տասնամյակներում Հայաստանում գործել են տարբեր կառավարություններ, պետության ղեկավարներ, պետական ինստիտուտներ, խորհրդարան, վերջապես: Բոլոր այդ «ապօրինի իշխանությունները» միջազգային հանրության կողմից ընդունվել են որպես օրինական, ավելին՝ Հայաստանի անունից հանդես գալով, բոլոր այդ նախկին իշխանությունները կնքել են պայմանագրեր, վավերացրել առանցաքային փաստաթղթեր, պարտք են վերցրել կամ պարտք են մարել: Հարց. իր կարծիքով օրինական իշխանություն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը կառավարման մեկուկես տարվա ընթացքում նախկին «ապօրինի իշխանությունների» կնքած քանի՞ միջազգային պայմանագիր, համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ է առ ոչինչ ճանաչել:
Լավ, բա «ապօրինի իշխանության» Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր անում, ինչո՞ւ էր քարոզարշավ անում ու հայտնվում դրա կազմում: «Ապօրինի իշխանության» հռչակած համաներմամբ կալանքից ազատվելը նույնպե՞ս ապօրինի է: Իսկ չէ՞ որ, երբ համաձայնվում ես համաներմամբ ազատվել, ապա ընդունում ես «ապօրինի իշխանության» կողմից քեզ ներկայացված մեղադրանքը, դա է համաներման առանցքային պայմաններից մեկը:
Կամ, նույն «ապօրինի իշխանությունների» կառավարման շրջանում ընդունվել են երկրի ներքին կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող բազմաթիվ օրենքներ ու որոշումներ:
Հարց է ծագում. օրինական իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը դրանք բոլորը չեղյա՞լ ճանաչեց: Ոչ: Նույնիսկ հակառակը՝ իր իսկ քննադատած Սահմանադրություն-կոստյումը նա ոչ թե մկրատեց, այլ մեծ հավեսով էլ կրում է: Իսկ «ապօրինի իշխանությունների» կառավարման շրջանում ընդունված շատ օրենքներ ու որոշումներ էլ ինչպես կան, այդպես էլ շարունակում են գործել, որոնց մի մասը դրական ու բարեբեր ազդեցություն են ունենում առաջնահերթ Փաշինյան ընտանիքի վրա։
Հա, կառավարության կառուցվածքն են մի քիչ «ռեմոնտ» արել, բայց փինաչու նման ու այնպես, որ հաջորդ իշխանությունը երևի մի քանի տարի միայն այդ «ռեմոնտի» ավերիչ հետևանքները հաղթահարելու վրա պիտի կենտրոնանա: Ու չարժե թեմայից շեղող փուչիկներ փչել գերծամծմված ու համազրկված քարոզչական ծամոնով, թե՝ «բա հո միանգամից չի լինի...»:
Իսկ «կոռումպացվածի» պահով, ավելի լավ է սպասել հաջորդ՝ ոչ «քայլական» իշխանության բացահայտումներին, չնայած, արդեն գործողից էլ ոչ պակաս սկանդալային նմուշներ կան, լինի կաշառքով գործ կպցնելու մեղադրանքով կալանված ջահել փոխնախարար, թե քաղաքապետարանին ԿամԱԶ-ներ նվիրող շինարարական ընկերություն, դիզվառելիքային ախորժակներն էլ չհաշված:
Մի խոսքով, «ապօրինի իշխանության» մասին միֆը հենց Փաշինյանն է ամենից ցայտուն քողազերծում, օգտվելով, նաև՝ մեծ հավեսո՛վ օգտվելով այդ իշխանության թողած իրավապայմանագրային, օրենսդրական, նաև նյութական ու համակարգային ժառանգությունից և ոչ միայն:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը