Tert.am-ը գրում է․ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Վերաքննիչ քրեական» դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ դատարանի կողմից բացարկի միջնորդությունը բավարարելու որոշումն սպասելի էր, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա:Վերջինիս խոսքով՝ «Մարտի 1-ի» բուն դատավարությունն իրականացվում է գռեհիկ, որը կապ չունի «Մարտի 1-ի» հետ. «Այս դատավարությունն ավելի շատ ինչ-որ բան կոծկելու դատավարություն է հիշեցնում»:
Դիտարկմանը, որ եղել է երկու դատավոր, որոնք այս գործի հետ կապված այլ որոշումներ են կայացրել և դրանից հետո ենթարկվել են ճնշումների, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ դատավորները բացառություն են եղել, բայց դա դեռ չի նշանակում, որ դատաիրավական համակարգն առողջ է:Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ չի կարելի երկար ժամանակ հասարակությանը բուն խնդիրներից շեղել և մի քանի տարի շարունակ ասել՝ սա է քո խնդիրը. «Երբ ինձ հարցնում են՝ Հայաստանում ի՞նչ է կատարվում, ես ասում եմ՝ ոչինչ չի կատարվում, վախեցեք դրանից»: Ըստ նրա՝ ոչինչ չկատարվելն ամենավատ բանն է, որ Հայաստանի հետ կարող էր կատարվել:Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ, երբ երկրում իրական գործ չի կատարվում, մարդ են բռնում: Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ աշխատում է ռեպրեսիվ մեքենան, օրվա պահանջով լինում են քրեական գործեր ու դատավարություններ:
Գալով ներքաղաքական վերջին աղմկահարույց թեմաներին՝ մասնավորապես՝ Հայաստան ժամանած շեյխերի ձախողված ներդրումներին, Վահե Հովհաննիսյանն ասել է. «Անուններից վերանանք. մի մարդ Հայաստան է բերել ներդրողների, մարդկանց, որոնք ռեալ փողով եկել են Հայաստան, ներկայացել պետության ներկայացուցչին ու գործարքը չի կայացել: Ստացվում է՝ ներդրումներ Հայաստան չեն գալիս, այսինքն՝ պետությունը տապալում է ներդրումային ծրագիրը, որից հետո սկսվում է շոուն»: Վերջինիս խոսքով՝ շոու էր այն ամենը, ինչ հետո ասում էին իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ:
Վահե Հովհաննիսյանը համոզված է, որ անկախ հանդիպման օրվանից, ամեն ինչ պետք էր անել, որպեսզի այդ ներդրումը գար Հայաստան. «Հայաստանը ներդրումների տեսակետից երեք ուղղություն ունի՝ արաբական աշխարհ, ռուսական ու արևմտյան կապիտալ: Այսպես շարունակելու դեպքում արաբական աշխարհի ներդրումային դուռը կփակվի, որն առանց այն էլ դժվար էր բացելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը