Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հանրապետության թվով 8 մարզերի, ընդհանուր առմամբ, 16 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություներ։ Որոշ համայնքներում բնակչությունն ընտրեց իր ավագանու կազմին, մի շարք համայնքներում՝ համայնքի ղեկավարին։ 168․am-ին հայտնի է դարձել ուշագրավ տեղեկություն Արարատի մարզից։
Այս մարզում, պարզվում է, ընտրություններ այստեղ անցկացվել են միայն երկու համայնքում՝ սկանդալների կենտրոն Նորաշենում և Տափերական համայնքում, իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել մարզում։
Ընդ որում, երկուսում էլ Նիկոլ Փաշինյանի սանիկ, մարզպետ Գարիկ Սարգսյանի անձի հետ ասոցացվող տհաճ միջադեպեր կան՝ երկուսն էլ թարմ են, ուստի չի բացառվում, որ երկու համայնքների դեպքում էլ ընտրական արդյունքներում հակամարզպետական տրամադրությունները խիստ որոշիչ են եղել։
Հիշեցնենք, որ Նորաշենում մարզպետը կամայականորեն ազատվեց ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ու հիմա դատարաններում վիճարկվում է այս խայտառակ ազատման հրամանը։
Իսկ Տափերական գյուղը հայտնի է ծեծի ենթարկված վարսավիրի դեպքով։
Հիշեցնենք նաև, օրեր առաջ այս գյուղի բնակիչ Սերոբ Բարֆյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով ծեծի էր ենթարկվել՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու՝ «կանտովկան չդզելու» համար. սա հաստատեց նաև վարսավիր Սերոբի հայրը, ու ոստիկանությունը ընթացք է տվել 168.am-ի հրապարակմանը։
Նոր կյանքը, հիշեցնենք, մարզպետ Գարիկ Սարգսյանի բնակավայրն է, որտեղ վարսավիր Սերոբն աշխատում էր վաղուց ու լավ մասնագետի համբավ էր վայելում, սակայն միջադեպից հետո մարզպետի կամքով նրան վտարել են այս գյուղից։
Եվ այսպես. Տափերականում 8 թեկնածուներից ծանրամարտի մարզիչ Կարեն Խաչատրյանն է ընտրվել. «շտանգիստ Կարենին» մի շարք մարդկային առավելություններով բնութագրելուց զատ, բնակչությունը նրան կապում է նաև մարզի հայտնի գործարար, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ (Ավշարի Արայիկ)։ Ստացվում է, նորեկը դարձյալ հներից է, ու Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունից մեկ տարի անց Արարատում ազդեցության լծակներ է կորցնում։
Իսկ Նորաշենում ավագանու կազմն էր թարմացվում։ Այստեղ մարզպետի թևից առաջադրված 7 թեկնածուներից միայն երկուսն են հաղթել։ Ուշագրավ է, որ 7/2 ամփոփիչ տվյալներում ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն է հաղթել, նրա առաջադրած 8 թեկնածուներից 7-ը հաղթել են, միայն մեկն է պարտվել՝ 13 ձայնի տարբերությամբ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինչ-որ պահից ընտրական հանձնաժողովի կազմ է փոխվել․ հանձնաժողովի անդամների ամբողջական կազմն իշխանությանն է եղել։ Գործող գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի թեկնածուն է, հետևաբար՝ ենթադրվում է, որ վարչական լծակ է գործի դրվել՝ գյուղապետարան, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, որը տնօրինում է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի կինը՝ Բադալյան Լիդիան։
Ի դեպ, Նորաշենի ընտրական արդյունքները հատկանշական է դիտարկել հատկապես ՀՀԿ-ական նախկին գյուղապետի պաշտոնանկության և մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերի ֆոնին, որը ձգտում է ամեն գնով ամրապնդել նախկինին փոխարինելու եկած իր թեկնածուին՝ Արտակ Հարությունյանին։
Կնշանակի՝ Նորաշենում այսօրվա իշխանությունը վստահություն չի վայելում, ու աներկբա է, որ այստեղ բնակչությունն իր ձայնը տալով, փաշինյանական բառապաշարով ասած՝ «նախկին սևերին»՝ ընդգծված վերաբերմունքով անուղղակիորեն հաղթել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանին։
Մյուս կողմից՝ երեկ Արարատում գրանցված ընտրական արդյունքներն ինչ-որ առումով ազդակ են գործող իշխանությանը՝այդ մարզում իշխանության դիրքերը թուլացնելու իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, արդեն որերորդ անգամ, թեև հարկադրված է լինում իր նշանակած մարզպետի գործողություներից լուրջ հետևություններ անել, բայց, ինչպես երևում է, ամեն սկանդալային միջադեպից հետո նախընտրում է լղոզել իրավիճակը և նորից հանդուրժել սանիկ մարզպետին, թեկուզև՝ հպարտ քաղաքացիների արժանապատվությունը տրորելու գնով։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը