2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 472 հոդված, որոնցից 194-ը եղել է բացասական, 25-ը՝ դրական, 253-ը՝ չեզոք։
Նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։ Նախարարի վերաբերյալ հրապարկվել են բազմաթիվ քննադատական հոդվածներ։
ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը նշել է, որ իրենք ցանկանում են հանդիպել նախարարի հետ և հավելել է, որ իրենք սպասելու են նախարարին ԵՊՀ-ում, որպեսզի հանդիպումը բաց լինի։ Նա նաև հավելել է, որ իրենք նախարարից պահանջելու են կամ աշխատել կամ գնալ տուն։
Մամուլում նշվում է, ԿԳՄՍ ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալ Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգեւավճարները։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենք պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը և այդ պահանջն ուժի մեջ է մնում։ Նա հավելել է, որ իրենք հասկանում են, որ Արայիկ Հարությունյանի աշխատանքից ազատելու իրավասությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Արծվիկ Մինասյանի, գնդակը գտնվում է իրենց դաշտում։ Նախկին նախարարի խոսքերով, Արայիկ Հարությունյանը որևէ դրական բան չի արել։
Նշվում է, որ մինչև տարբեր երիտասարդական խմբեր բողոքի ակցիաներ և դասադուլներ են իրականացնում, նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է։ Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երևանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին։
ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիաներով Արայիկ Հարությունյանին դիմավորել են նաև Բրյուսելում և նշել են, որ ՀՅԴ-ն միասնական է և չկա ներսի կամ դրսի դաշնակցական։
Մամուլում նշվում է, որ 2017 թվականին Էդուարդ Աղաջանյանի խոսքերի համաձայն, Արայիկ Հարությունյանը ձախողվել է ՔՊ-ում։
Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի դեմ հիմնականում բողոքում են ուսանողներն ու դաշնակցականները, որոնք պայքարում են հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը ԲՈՒՀ-երում պարտադիր առարկաների ցանկից չհանելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը