Արթուր Աջամյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունները հիմնազուրկ են և անբովանդակ: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով օրեր առաջ զորամասում մահացած զինվորի հարազատների այն պնդմանը, որ իրենց որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ իրեն սպանել են. «Բռնաբարության դեպքի մասին էլ, որ ասում են, քրեական գործ է հարուցվել, և այն չի հիմնավորվել: Եվ զորամասով էլ չի կարելի այս դեպքը պայմանավորել, որովհետև այդ զորամասը բավականին տպավորիչ մարտակ ուղի ունի»:
Ինչ վերաբերում է զինվորի մահվան հանգամանքների մասին իրենց ունեցած տեղեկություններին, փոխնախարարն ասաց, որ դրանք այս պահին հրապարակել չի կարելի:
Գաբրիել Բալայանը նաև նշեց՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ փորձ է արվում հասարակության մոտ դժգոհություն հրահրել.
«Փաստաբանը վիրավոր զինվորի մասին էլ էր ասել, որ նա դեռ Ստեփանակերտի հոսպիտալում է, սակայն նրան առնվազն երկու օր առաջ տեղափոխել են Երևան և Հայաստանի լավագույն բժիշկներն են մասնակցել նրա բուժմանը: Այստեղ ես միտում եմ տեսնում, որ հասարակությանը փորձ է արվում շեղել իրական դեպքերից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը