Tert.am-ը գրում է․
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության մեղադրանքով։ Aysor.am-ը, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին, նշել է, որ ՀՔԾ-ում գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրի՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:
Այս հրապարակումից հետո համացանցում տարբեր քաղաքացիներ համատարած հայհոյում են նախկին նախարար Սերգո Կարապետյանին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։ Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ։ Ասեմ նաև իմանաք՝ որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է»:
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրել է. «Կանցնեն տարիներ ու մարդիկ իրենց երեխաներին նրա օրինակով կսովորեցնեն՝ ինչպիսին չպետք է լինի տղամարդը»:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է, որ Սերգո Կարապետյանը այլևս «անբարոյականության, սերնդեսերունդ դավաճանության խորհրդանիշն է, նաև Արցախը հանձնելուն օգնության հասած մարդ։ «Էս մարդն էսօր Նիկոլին ու իրա կոռուպցիոներ դասալիքների թիմին օգնում ա Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը պարտակել ու Նիկոլին ևս մի քիչ ժամանակ ա տալիս Իլհամի հետ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Նիկոլի հետ Սերգոն էլ ձեռ-ձեռի բռնած պատասխանատու ա լինելու Արցախյան աղետի համար»,– գրել է նա:
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն էլ Սերգո Կարապետյանին քննադատող օգտատերերին հարցադրում է արել, թե արդյոք կարող են դրա հիմնավորումը տալ, ապա գրել է, որ ինքը կարող է պատմել այդպիսի բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկը։ Նա գրել է, որ Սերգո Կարապետյանն իր գյուղատնտեսական վերելքին հասավ, երբ Հովիկ Աբրահամյանի հետ միասին միջազգային կառույցներից վարկեր հավաքեցին ու մթերքի մշակման ֆաբրիկաներ բացեցին: Ըստ նրա՝ չնայած վարկերը տրամադրվել էին Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, դա Հովիկ Աբրահամյանին և Սերգո Կարապետյանին չխանգարեց պարբերաբար «հակասերժական նախաձեռնություններով հանդես գալ` սկսած ՊՊԾ-ից, վերջացրած` խնամուն կուտ տալով»:
«Այս բոլոր դավերի համար կապիտալ էր պահանջվում: Կապիտալ հանդիսացան հենց վերոհիշյալ վարկային միջոցները: Ընդ որում, վարկատուները դեմ չէին: Դրանք ի սկզբանե հենց քաղաքական պրոցեսներ ֆինանսավորելու համար էին նախատեսված, ուրիշ հարց, որ տրվող գումարները միշտ պիտի վերադարձվեն: Դու էդ գումարով պիտի համ սև գործդ անես, համ էլ հետ տաս: Շատ քչերին է ներվում գումար չտալը, միայն խիստ առանձնահատուկ դեպքերում: Արգամիչի դեպքը դրանցից մեկը չէր ու երբ միջազգային կառույցները պահանջեցին վարկերը մարել, օգնության նորից եկավ Սերժ Սարգսյանը»,– գրել է նա։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ իր հերթին գրել է, որ Սերգո Կարապետյանի գաթայի պատմությունը երևի քչերին է հայտնի, երբ նախարար եղած ժամանակ տնից իր հետ գաթա է բերել աշխատավայր ու հաջորդ օրը մեկնել գործուղման։ «Աշխատակիցները լավ իմանալով, որ Սերգոն պաթոլոգիկ վախ ունի ճանճերից, գաթան տարել են աշխատասենյակից, նախականխելով սպասվելիք նախաինֆարկտային վիճակը։ 5 օր անց գործուղումից վերադառնալուց հետո օգնականից պահանջել է աշխատասենյակում թողած գաթան, որն այլևս չկար։ Չկարողանալով գտնել այն, նախարարը հավաքել է իր աշխատակազմին և սպառնացել բոլորին ազատել աշխատանքից, եթե չասեն, թե ով է կերել գաթան։ Նրա հետ թեկուզ մեկ ժամ աշխատած մարդիկ քաջ տեղյակ են, որ նախարար Սերգո Կարապետյանի օրվա առաջին հանձնարարականը այն էր, որպեսզի իր համար թրջեն պոպոք ու նուշ, քանի որ ատամնաշարի դնանդամները թնակարժեք նյութից են ու կարող են վնասվել, բացի այդ առանց թրջելու ինքը դժվար կմարսեր։
Հիմա ուզում եմ հասկանամ սրա համար խոնավության ի՞նչ աստիճանի կտեր են մատուցվել, որ մտածելա, թե անվնաս մարսելու ա»,– գրել է նա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը