ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայկ Մարության-շեյխեր աղմկահարույց հանդիպմանը՝ կասկածի տակ դնելով, որ այդ մարդիկ շեյխի ներկայացուցիչներ են եղել։
«Եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի։ Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ եւ ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ եւ նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երեւանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաեւ իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցիչ:
Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Սա, կարծում եմ՝ վերաբերմունք է պետական ինստիտուտին։
Նրանք ասել են՝ Երեւանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար. Երեւանի քաղաքապետարանն ասել է, որ ցավոք, ձեր նշած տարածքներում հող Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: մասնավորը գուցե ունենա, պետք է գնել:
Հընթացս, երեք հյուրերն էլ պարզվել է հեռախոս են ունեցել մոտները եւ զանգ են ստացել: Երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, սկզբից մեկն է սկսել հեռախոսով խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսքը, սապասել, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել: Բայց երբ որ երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետն ասել է, որ ենթադրում եմ, որ այս խոսակցությունը այլեւս հետաքրքիր չէ ձեզ»,-նշեց վարչապետը:
«Եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վարվեն եւ իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ պետք է ջինսով, բոթասով մտնեն, քաղաքապետին ասեն՝ դու ստեղից էնտեղ գնա, այդ ժամանակները պրծել են:Եթե ՀՀ-ում այդպիսի քաղաքապետներ, նախարարներ են եղել, որոնց հետ այդպիսի հարաբերություններ են ունեցել, իրենց ժամանակն ավարտվել է վաղուց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը