04 12 2019

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfi պարբերականին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է Նաուսեդան կոնկրետ Թուրքիայի մասին, քանի որ Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից», Լիտվայի նախագահը պատասխանեց. «Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:

Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ»:

Լիտվայի նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը, Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ (Հայոց ցեղասպանության ճանաչում) ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ