Մենք չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Օրեր առաջ իր հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի բառ էր արտաբերել Սորոսի հիմնադրամի թեմայով․ Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, պատասխանել էր՝ այո։ Դրանից հետո սորոսական եւ տարբեր գրանտային ծրագրերով աշխատող կազմակերպություններ մեծ աղմուկ բարձրացրին։ Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը եւս օրեր առաջ անդրադարձավ այդ թեմային՝ իր վրդովմունքը հայտնելով Վանեցյանի արտահայտության հետ կապված։ Մենք դիմեցինք ԱԱԾ նախկին տնօրենին՝ խնդրելով մեկնաբանել Լարիսա Մինասյանի խոսքերը։
-Պարոն Վանեցյան, Լարիսա Մինասյանը, օրերս արձագանքելով Ձեր գնահատականին, թե Սորոսի հիմնադրամը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, մասնավորապես ասել է. «...Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս էֆեկտիվ ձեւով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը եւ այս ոլորտներում իրավունքի սատարմանը... ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել եւ չի կարող լինել: Եթե պարոն Վանեցյանն ունի ուրիշ չափանիշներ` ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը, Դուք ուրիշ չափանիշնե՞ր ունեք:
-Նախ` պետք է ասեմ, որ բոլորիս գործունեությունն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների ու ինստիտուտների ամրապնդմանը: Եվ Ձեզ վստահեցնում եմ, որ եթե Սահմանադրության ու օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա: Համենայնդեպս, դրա որոշողը որեւէ անհատ չէ, այդ թվում՝ տիկին Լարիսա Մինասյանը, այլ՝ պետական համապատասխան ինստիտուտները։
Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ տիկին Մինասյանն իր խոսքում արդեն իսկ մատնացույց է արել այն վտանգը, որը ես նկատի եմ ունեցել: Իրենց նպատակների մեջ նա չի կարեւորել Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ, ի տարբերություն Սորոսի հիմնադրամի, Հայաստանի ապագայով, հայ ժողովրդի բարեկեցությամբ մտահոգ ցանկացած ոք, անկախ իր առջեւ դրած խնդիրներից, պետք է հաշվի առնի մեր երկրին ուղղված սպառնալիքները:
Եթե մենք ապրեինք, օրինակ, Լուսնի վրա` առանց արտաքին սպառնալիքների, վստահեցնում եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օրակարգը կարելի էր միայն ողջունել, բայց մենք ապրում ենք Հարավային Կովկասում` Թուրքիայի ու Ադրբեջանի հարեւանությամբ, ու չենք կարող մեզ թույլ տալ որեւէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այնպես որ` չափանիշներ են նաեւ մեր հարեւանների ագրեսիվ վարքագիծը, տարածաշրջանում անկայունությունը, չափանիշներ են մեր ժողովրդագրական ճգնաժամը, միգրացիայի տեմպերը եւ այլն: Եթե առիթ կունենաք՝ փորձեք տիկին Մինասյանից հետաքրքրվել․ օրինակ, հնարավո՞ր է ապահովել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, եթե մեր բոլոր կանայք մի օր որոշեն, որ իրենք բանակին տալու զավակ չունեն, այսինքն՝ այն, ինչը քարոզում են տիկին Լարիսայի ղեկավարած հիմնադրամից աջակցություն ստացող որոշ կազմակերպություններ: Ես այլ օրինակներ չեմ ուզում բերել, եթե կարիքը լինի, առավել մանրամասնությամբ կանդրադառնամ դրանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը