29 11 2019

Վարչապետի մասին հրապարակվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ. Մեդիա պաշտպան

Վարչապետի մասին հրապարակվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ. Մեդիա պաշտպան

2019 թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, aravot.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և 1in.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 486 հոդված։ Որոնցից 41-ը՝ բացասական, 42-ը՝ դրական, 403-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են հավասար թվով և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Ըստ Արթուր Ղազինյանի, եթե չլինեին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք դիտարկվեցին որպես հակահերոսներ, Նիկոլ Փաշինյանը երբեք չէր կարողանա հերոսանալ։ Ըստ Ղազինյանի, «հերոսներ» ձևավորվում են «հակահերոսների» գոյության շնորհիվ և վերջին շրջանում hակահերոսների պասիվությունը ստիպել է Նիկոլ Փաշինյանին մենակ մնալ իր հետ։

Անուշ Դաշտենցն ասում է, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որևէ ակնարկ չէին անում, որ Հայոց լեզուն կարող է հանվել ԲՈՒՀ-երի պարտադիր առարկաների ցանկից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, պատասխանելով այն հարցին, թե վարչապետը քանդել գիտի՞, թե սարքե՞լ, ասել է. «1.5 տարին ցույց տվեց, որ իշխանությունը շատ արդյունավետ քանդելու մեթոդաբանություն ուներ և համապատասխան կադրային ներուժ, բայց գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում: Ցավոք սրտի, տեսեք, տարածաշրջանում ի՞նչ է կատարվում, մենք ի՞նչ ենք քննարկում, ինչի՞ մասին ենք խոսում: Մի պետություն, որի մեջ թիկունք և ռազմաճակատ հասկացությունները ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի պարագայում շատ պայմանական են: Մենք ինչի՞մասին ենք խոսում. Դրանք լո՞ւրջ խնդիրներ են, թե՞ անլուրջ»:

«Լույս» դաշինքի ավագանիները հիշեցրել էին, որ նախկինում քաղաքային նստարանները Տարոն Մարգարյանը գնում էր 160.000 դրամով և Նիկոլ Փաշինյանը հայտարարոււմ էր, որ այդ նստարաններն ավելի էժան են ու դա կառուպցիա է։ Հիմա Հայկ Մարությանն ավելի թանկ է գնում այդ նստարանները։ Ըստ ավագանիների, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր, կա՛մ Հայկ Մարությանն է կոռուպցիայով զբաղված։

Ըստ Սևակ Թորոսյանի, մարտի մեկի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի գործի հետագա ընթացքն ու լուծումը կախված է բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքից։

Որպես դրական դիտարկվել է այն լուրը, ըստ որի՝ գազի սակագինը չի բարձրանալու մինչև 2020 թվականի գարուն։ Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական աշխուժություննը տրամաբանական չէ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Մել Դալուզյանն իր պաշտպանության ներքո է, ասել է, որ վարչապետը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից երեկո Դալուզյանին սղոցողներից։

1in.am-ում հրապարակվել է 129 հոդված, որոնցից բացասական՝ 7, դրական՝ 16, չեզոք՝ 106։

Կայքում տեղ է գտել Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հարցազրույցը։ Բադասյանն, անդրադառնալով «Վերնատանը», ասել է, որ այն փորձում է ազգային բնույթ ստանալ։ Ըստ նրա, «Վերնատունն» ընդամենը անձնական հաշիվների խնդիր է, որովհետև նրանք ուզում են համախմբվել՝ օգտվելով այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հեղափոխությունն ի կատար ածել։

Կայքի վերլուծականներից մեկում ասված է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը որակապես չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, և դրանով իսկ Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում հեղափոխության փաստը։

Տպագիր մամուլի հոդվածներից մեկը ևս տեղ է գտել կայքում, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային բազմաթիվ սխալներ է արել, որից հետո իշխանական տարբեր թևերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ըստ մամուլի, շատ թիմակիցներ նախընտրում են հարցազրույցներ չտալ, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց պատկերացրածին դեմ է։

Ըստ կայքի մեկ այլ հոդվածի, ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի Նժդեհին վերաբերող պատասխանից հետո ակտիվացել են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք թիրախավորել են վարչապետին։

Տեղ է գտել նաև «Վերնատան» մասին հոդվածը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի դեմ միավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ինչպես նաև՝ գազի սակագնի հետ կապված լուրը։

aravot.am-ում հրապարակվել է 120 հոդված, որոնցից բացասական՝ 25, դրական՝ 11, չեզոք՝ 84։

Կայքում տեղ է գտել Արթուր Ղազինյանի հակահերոսների և հերոսների մասին դիտարկումները։ Հայոց լեզվի հետ կապված խնդիրների բարձրաձայնումը, Սպարտակ Սեյրանյանի հարցազրույցը, ըստ որի՝ իշխանության կադրային բանկը թույլ է։ Հրապարակվել է նաև նստարանների հետ կապված կոռուպցիայի մասին «Լույս» խմբակցության դիտարկումը և այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կախված է Նիկոլ Փաշինյանից։

Որպես դրական դիտարկվել է պատգամավոր Մարիա Կարապետյանի բացատրությունը Մել Դալուզյանի վերաբերյալ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն, անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամուլսարի հետ կապված խնդիրը չի՞ իջեցնի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ասել է, որ այդպիսի միտում չի տեսնում։

armtimes.com-ում հրապարակվել է 100 հոդված, որոնցից բացասական՝ 1, դրական՝ 7, չեզոք՝ 92։

Կայքում տեղ է գտել Մարինա Կարապետյանի Մել Դալուզյանի մասին դիտարկումը, որը նաև ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի է։ Դրական է գնահատվել է այն լուրը, ըստ որի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է կառավարության 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը։

Armlur.am-ում հրապարակվել է 76 հոդված, որոնցից բացասական՝ 5, դրական՝ 3, չեզոք՝ 68։

Ըստ կայքի հրապարակման, Նիկոլ Փաշինյանը բյուջեի մասին քննարկումից առաջ պետք է շատ հստակ պատասխանի ընդդիմադիրների քննադատություններին։

Ըստ կայքի տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է ե՛ւ պաշտոնյաներին, ե՛ւ պատգամավորներին։

Azatutyun.am-ում հրապարակվել է 61 հոդված, որոնցից բացասական՝ 3, դրական՝ 5, չեզոք՝ 53։

Ազատության հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանը ուշագրավ և նշանակալի է համարել Լավրովի հայտարարությունները Երևանում։

«Անտարես» հոլդինգի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանն այս մթնոլորտում ճանապարհ բացողի դեր է տանում, որովհետև հետաքրքրությունը նրա գրքի հանդեպ մեծ է, և ինքը լոկոմոտիվի պես առաջ է տանում հայաստանյան մյուս ստեղծագործողների գործերը։ Ես նախանձի զգացում եմ ապրում, երբ այցելում եմ գերմանական ցանկացած գրախանութ, որտեղ կա առնվազն տասը վրացի գրողի գիրք թարգմանված, ոչ մի հայաստանցու գիրք։ Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կունենանք Նիկոլ Փաշինյանի գիրքը արդեն գերմանական գրախանութներում, թարգմանություն կա մակեդոներեն, դեպի ալբաներեն, թուրքերն են հետաքրքրված»։

Բացասական է դիտարկվել այն հայտարարությունը, ըստ որի՝ Թանդիլյանը նշել է, որ «ցավում է, որ ընդդիմադիր անպատասխանատու հայտարարություններ անող պատգամավորից Փաշինյանը պետական գործիչ չդարձավ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ