26 11 2019

Երևանի հիմնախնդիրները դուրս են մնացել 5-ամյա ծրագրից․ «Լույս»

Երևանի հիմնախնդիրները դուրս են մնացել 5-ամյա ծրագրից․ «Լույս»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները ճեպազրույցի ընթացքում իրենց դժգոհություններն են ներկայացրել այն հարցով, որ «Իմ քայլը» խմբակցության զարգացման 5-ամյա ծրագրից դուրս են մնացել քաղաքի հիմնախնդիրները:  Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ ավտոկայանատեղերի կառուցման հարցին՝ նշելով, որ քաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը կրիտիկական խնդիր է, մեքենաները շատացել են և քաղաքային իշխանությունը պետք է արձագանքեր դրան:

«2018 թվականին ընդունած հնգամյա զարգացման ծրագրում այդ կետը առկա էր: Առկա էին մի շարք տրանսպորտային հանգույցների վերաբերյալ կետեր, չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբերյալ հնգամյա ծրագրում ևս հստակ նշված էր, որ պետք է բնակիչները վերաբնակեցվեն, և այժմ մեզ ներկայացվել է հնգամյա զարգացման նոր ծրագիր, որտեղ նշված կետերը բացակայում են, այդ խնդիրները նշված են որպես հիմնախնդիր, բայց լուծման ծրագրերը դուրս են մնացել»,- ասաց նա՝ իր դժգոհությունը հայտնելով նաև այն փաստից, որ քաղաքապետարանը 2018թ․ առաջնորդվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածով, և հիմա՝ մեկ տարի անց բերում են փոփոխություն՝ առաջնորդվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքով։

«Երևանի ՏԻՄ օրենքը հստակ ասում է, որ առանց հստակ պարզաբանման, օբյեկտիվ խոչընդոտներին հնարավոր չէ փոփոխություններ իրականացնել: Մենք հիշում ենք, որ բազմաթիվ դրվագներ կային նախընտրական խոստումներից, որոնք հնգամյա զարգացման ծրագրում չեն տեղայնացվել, բայց քաղաքապետի՝ նախընտրական շրջանում տված խոստումներով թող հետաքրքրվեն իր քաղաքական թիմի ներկայացուցիչները։ Տեղական իշխանությունները հետ են կանգնել իրենց իսկ տված խոստումներից»,- նշեց Խաժակյանը՝ հավելելով, որ դիմելու են քաղաքապետին՝ պարզաբանումներ ստանալու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ