Panorama.am-ը գրում է․ «Դե, եթե այդքան ակտուալ են դարձել աստվածաշնչյան թեմաները, մի մեջբերում էլ մենք անենք՝ «Վարվի՛ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն»։
Պարզապես ողջ հարցն այն է, որ աստվածային ցիտումների հաճախացմանը զուգընթաց՝ իրականում լրիվ հակառակն է կենսագործվում։ Հենց վերջերս Միլանի հայկական եկեղեցում, իր ասելով՝ Հիսուսի նման սեր քարոզող Փաշինյան Նիկոլը սպառնաց աշխարհի սրբագույն վայրերից մեկի՝ Վատիկանի «պադվալներում պախկված հայ թալանչիներին գտնել ու վզներից բռնած Հայաստանի արդարադատության առաջ կանգնեցնել» ։
Բա՜․․․Մենք վաղուց ենք ապշել պետության առաջին դեմք հանդիսացող անձի անվայելուչ բառապաշարից, պահվածքից և «սարսափազդու» սպառնալիքներից, հիմա էլ թող դրսերում մի քիչ կարկամեն զարմանքից․․․ ինչպես օրինակ Փաշինյանի թիկունքին նայող Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատին։
Վատ օրինակը, այն էլ առաջին դեմքի, շատ վարակիչ է, և հայհոյախոսությունն ու անպատվելը սովորական դարձան Հայոց աշխարհում։ Բայց քանի որ մեր հայրենիքում արդեն գրեթե բացահայտ գործում են երկակի ստանդարտները և պատիժ կիրառվում է միայն «թագավորին» հակառակ տեսակետ ունեցողների նկատմամբ, ապա վիրավորելն ու անպատվելը դարձան միայն նիկոլասերների արտոնությունը։
Բազմաթիվ օրինակներից անդրադառնաք մեկին։Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը խիստ վիրավորվեց, և հապճեպ երկու երիտասարդ բանտարկվեցին՝ սոսկ վարչապետի «վնգստացող դատավորների» մասին վիրավորական արտահայտությունը կրկնելու համար։
Նաև տիկին դատավորն այնքան նեղսրտեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի՝ լրագրողների ներկայությամբ իր կատուներին հիշատակելու փաստից, որ փաստաբանի նկատմամբ Փաստաբանական պալատը կարգապահական վարույթ հարուցեց։
Երկու հարց․Եթե դատավորն այդքան նրբազգաց է, ինչպե՞ս է կարողանում ինքնաբացարկի չգնալ, երբ դատավարության մի կողմը բացահայտորեն իրեն չի վստահում՝ ներկայացնելով ակնհայտ կողմնակալության փաստեր։ Սա վիրավորական չէ՞։
Կամ ինչո՞ւ է նիստերի ժամանակ դատավորն աչք ու ականջ փակում հատկապես Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող բացահայտ վիրավորանքների դեպքում, երբ ի պաշտոնե պարտավոր է կարգի հրավիրել անտեղի խոսողներին, լինի դատավարության մասնակից, թե դահլիճից որակումներ տվող։ Թե՞ գործում է իր աչքի գերանը չնկատելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու սկզբունքը։
Իրավաբանական կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորը չէ, ով իր կոմպետենտությամբ և քաղաքացիական դիրքորոշմամբ ունակ է արդարադատություն իրականցնել այս քաղաքական գործում։ Բայց փաստորեն այնքան ռիսկ էլ չունի, որ ինքնաբացարկ հայտնի․․․ և նիստ է նշանակում շաբաթը մեկ անգամ՝ ՄԻԵԴ-ից կամ չգիտես որտեղից փրկօղակների սպասելով։
Իսկ ձգձգումների մեղավոր՝ տուժողների վայ պաշտպանների և մեղադրողների թեթև ձեռքով, հայտարարվում են փաստաբանները, ովքեր իրենց իրավունքների շրջանակում ներկայացնում են անհրաժեշտ միջնորդություններ։
Ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը լքեց նիստերի դահլիճը՝ լրագրողներին ասելով, որ այլևս չի կարող ներկա լինել այս կրկեսին: Իսկ ի՞նչ անեն հայ փաստաբանները, որ արդեն 18 ամիս կռիվ են տալիս անարդարությունների դեմ։ Դեռ մի բան էլ իրավունք չունեն վրդովմունք արտահայտել իրենց հայտարարություններն անտեսող դատավորի գործողությունների դեմ։
Դատավարության պայմանները, մեղմ ասած, անհավասար են․ մի կողմին տրված է ամենաթողություն, մյուս կողմին՝ պարզապես ներկա լինելու իրավունք։ Դատավորն էլ առաջին թիմից է։ Եվ այս տիկինը վիրավորվում է այն դեպքում, երբ հենց իր վարած նիստերն են անարգանք արդարադատությանն ու դատական համակարգին։
Այն աստիճան, որ արդեն ողջ գիտակից հանրությունն է պահանջում դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկը։
Երկրոդ դիտակումը վերաբերում է փաստաբան Ռուբեն Սահակյանին՝ ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահին, ով մեծ ներդրում ունի մեր երկրում փաստաբանական դպրոցի կայացման գործում։ Նա իր փաստաբանական գործունեության լիցենզիան ստացել է 1985 թվականին, երբ այսօրվա իշխանավորների մի մասը դեռ ծնված էլ չէին։
Շատերն էլ երևի մանկապարտեզ-դպրոց էին հաճախում, երբ Ռուբեն Սահակյանը հենց Սումգայիթում մասնակցում էր սումգայիթյան դեպքերի դատավարությանը որպես սպանված երկու հայ եղբայրների ներկայացուցիչ։ Բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային հրաշալի հատկանիշներով աչքի ընկնող Ռուբեն Արամիչին մշտապես մեծ ակնածանքով են վերաբերվել անգամ մեղադրող կողմերն ու դատավորները, ինչին ականատես ենք եղել անցած 30 տարիների ընթացքում։
Իսկ այսօր դատարանի դահլիճում, կոպեկի արժեք չունեցող ինչ-որ մարդիկ կարող են վիրավորական արտահայտություններ նետել Ռուբեն Սահակյանի հասցեին։ Այդ ինչ-որ մեկերն իրենց պուճուր կյանքի տեսադաշտից կարող են և չիմանալ, թե ով է Ռուբեն Սահակյանը, սակայն անհավատալի է, որ նիստը վարող դատավորը չիմանա նրա անցած ուղին։
Անշուշտ գիտի։ Պարզապես սա տեղավորվում է արժանավորներին վարկաբեկելու պետականորեն որդեգրած գործեալոճի մեջ։
Այս գործում ամբաստանյալի կարգավիճակում հայտնվածների՝ Հայրենիքի ազատագրման ու շենացման գործում անվիճարկելի վաստակ ունեցող ԼՂՀ և ՀՀ էքս նախագահի ու հերոս գեներալների պես՝ նրանց շահերի պաշտպանները ևս դիտվում են որպես գործող վարչախմբի հակոտնյաներ, հետևապես և նրանց կարելի անպատիժ վիրավորել։
Մի՛ արեք։ Վաղը-մյուս օրն, անկասկած, կփոխվի իրադրությունը Հայաստանում և բումերանգը հետ կգա։ Ոչինչ չի մոռացվելու, այնպես որ մի՛ վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես որ չեք ցանկանա վաղը ձեզ հետ վարվեն։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը