2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 690 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 36-ը՝ դրական, 506-ը՝ չեզոք։
Նախագահ Արմեն Սարգսյանի մասին դիտարկված հոդվածներում դրական արձագանքները գերակշռում են, թեև կան նաև բացասականները։
Մամուլում նշվում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։ Այս պարգևատրումը քննադատության է արժանացել, որովհետև, ըստ հրապարակման, Հովհաննես Ենոքյանի վարքագծին վերաբերվող բազմաթիվ բացասական հրապարակումներ են եղել ու նշվում է, որ նա կապ ունի քրեական աշխարհի հետ։ Արմեն Սարգսյանին քննադատամ են նաև մշտապես երկրից բացակայելու համար։ Մամուլի հրապարակման համաձայն, կամ պետք է Արմեն Սարգսյանի լիազորություններն ավելացվեն, կամ նա ուղղակի պետք է հեռանա։ Հրապարակման մեջ ասված է․ «Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը»։
Նախագահ Արմեն Սարգսյանի այցը Քաթար հայտնվել է տեղի լրատվամիջոցների առաջին էջերում։ Երկրում լույս տեսնող երեք անգլալեզու օրաթերթերը՝ The Peninsula-ն, Gulf Times-ը և Qatar Tribune-ը, իրենց առաջին էջերում մանրամասն անդրադարձ են կատարել Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը: Նշվում է, որ նա ջերմ ընդունելության է արժանացել Քաթարում։
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ։ Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սուրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ նրա մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը