22 11 2019
«Վերնատուն» ակումբը պահանջում է փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
- Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
- Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):
Գնահատելով համաժողովում հնչած ելույթների որակն ու արդիականությունը՝ ակումբը արձանագրում է․
Ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել և ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, տված խոստումներին հակասող ճանապարհով։ Արդյունքում նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգը արդյունավետ չէ, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, առկա է անձնիշխանության իրական վտանգ:
Մեկնելով այս հաստատումներից՝ «Վերնատուն»-ն առաջադրում է հետևյալ քայլերն ու պահանջները․
Արցախ
- ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է։
- Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել, ինչպես նաև պետք է զերծ մնա իրարամերժ տեսակետներ հայտնելուց։
- Բացառել հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի կամ տարբերակի նույնիսկ քննարկում, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։
- Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության առաջնահերթ խնդիրն է։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը։
- Անթույլատրելի է Արցախի ներքաղաքական գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին միջամտելու ցանկացած փորձ։
Հանրային մթնոլորտ
- Դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը։
- Վերջ տալ հանրությունը, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներին հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնք-ձերոնքի բաժանելու հռետորաբանությանը և գործելաոճին։
- Դատապարտել ազգային-պետական արժեհամակարգի (հայոց լեզու, պատմություն, եկեղեցի, մշակույթ, ռազմահայրենասիրական դաստիարակություն) վարկաբեկման փորձերը։
Դատաիրավական համակարգ
- Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը անընդունելի է։
- Հրաժարվել սեփականության վերաբաշխման, վախի ու շանտաժի մթնոլորտ հաստատելու բացահայտ ու քողարկված նպատակներից․ անցումային արդարադատությունը և առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագիծը հակասում են իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներին։
- «Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։
Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաև՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու արածի ու չարածի համար։
«Վերնատուն»-ը շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել քննարկումների առողջ միջավայր։ Ընդլայնվող ու զարգացող ակումբը առաջնորդվելու է նշյալ և այլ խնդիրները հետևողականորեն լուծելու սկզբունքով։
Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց և վճռական ենք ազգային-պետական նպատակների իրագործման, մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք երաշխավորելու, նոր որակի ժամանակակից պետություն կառուցելու հարցում։