Zham.am-ը գրում է․
«Իտալիայում խոսելով Ղարաբաղի խնդրի մասին՝ Փաշինյանը հերթական անգամ «հիշեց» Քոչարյանի և Սարգսյանի մասին:
Մասնավորապես արդեն որերոդ անգամ կրկնեց այն սուտը, թե իբր «Քոչարյանը ուզում էր Մեղրին հանձներ»: Եվ ոչ ոք չի հարցնում, իսկ «ինչու ադրբեջանցիները չուզեցին վերցնել Մեղրին»: Չէ՞ որ Մեղրիով Ադրբեջանը կկապնվեր Նախիջևանի և Թուրքիայի հետ: Այսինքն այն ինչ մասին երազում են Անկարայում և Բաքվում:
Մեղրի «հանձնումը», 4 մլրդ-ի կարողությունը և մարտի 1-ի տասը զոհերի հարցերը իրար հետ միասին հանդիսանում են Փաշինյանի և նրա կողմնակիցների ստերի այն շարքը, որով մինչ այսօր նրանք փորձում են կերակրել բոլորին: Սակայն ինչպես թևավոր են ասում, ստի ժամկետը 40 օրից ավել չի աշխատում: Հիմա գալիս է այդ ժամկետի ավարտի և պատասխանատվության ենթարկվելու ժամանակը, որից ամենաշատը սարսափում են Փաշինյանն ու նրա կողմնակիցները:
Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ Փաշինյանը կրկին հիշեցրեց նրա խոսքերը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:
Սակայն նույն Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է, որ Աղդամից և այլ տարածքներից դուրս «Ղարաբաղի կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս»: Այս տեսակետը կարող է ունենալ իր կողմնակիցների և հակառակորդների բանակները: Սակայն Փաշինյանն ու նրա կողմնակիցները այն շրջանակներն չեն, որոնք իրավունք ունեն բարոյական գնահատականներով հանդես գալ: Քանի որ նրանք միշտ ընկալվել են Տեր-Պետրոսյանի քաղաքական արեալից, որի պատկերացումներն էլ Ղարաբաղի հարցում այսօրվա Ադրբեջանի տեսակետից գրեթե ոչնչով չի տարբերվում:
Օրինակ՝ ռուս լրագրողի այդ հարցին Փաշինյանը խայտառակ պատասխան տվեց՝ ասելով, թե «...այս հարցը պիտի լուծվի Ալիևի և միջնորդների հետ համատեղ քննելիս...»:
Այսինքն՝ Փաշինյանը չունի կայուն պատկերացում այս հարցի վերաբերյալ և ուրեմն իր համար ոչ միայն Աղդամը, այլև Ղարաբաղի մյուս մասերը հայրենիք չեն:
Մանավանդ, որ Փաշինյանը խոսելիս Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների մասին համեստորեն լռում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին, որն ի դեպ ողջունվել է Ադրբեջանի կողմից և դատապարտվել է հայ հանրության ճնշող մեծամասնության կողմից: Սակայն արի ու տես, որ դրա մասին Փաշինյանը լռում է: Ինչը նշանակում է, որ հենց այդ տեսակետն է Փաշինյանին հոգեհարազատ, սակայն տակտիկական տեսակետից նա այսօր դրա մասին լռում է:
Իսկ ի՞նչ էր նշանակում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթը
Շատերը հակադարձում են, թե Փաշինյանը այս եզրույթը արտասանելով փաստացի տարանջատվեց Տեր-Պետրոսյանի տեսակետներից, սակայն դասականը կասեր, թե ինչպիսի մոլորություն:
Փաշինյանը այս արտահայտությամբ հանդես եկավ մի քանի պատճառով:
Առաջին
Նա անկեղծ համոզված էր, որ դրանով կբալանսավորեր Ալիևի այն խոսքերին, թե «Երևանն վաղ թե ուշ լինելու է Ադրբեջան»: Փաշինյանը չի հասկանում, որ Ալիևի խոսքերը վերացական բնույթ էին կրում և կապ չունեին կոնկրետ բանակցային խնդրի հետ: Օրինակ, եթե Փաշինյանն հայտարարեր, որ «Նախիջևանն ու Բաքուն Հայաստան են և վերջ», ապա դա լուրջ արձագանքն չէր ստանա միջնորդների մոտ: Նրանք չէին անհանգստանա, որ բանակցային գործընթացը կարող էր խաթարվեր: Քանզի այս հայտարարությունը կգնահատեին, որպես վերացական բնույթի, որը կապ չունի բուն բանակցային գործընթացի առարկայի հետ: Այս տարրական ճշմարտությունը Փաշինյանին չեն բացատրել, այդ իսկ պատճառով էլ նա չի հասկանում, թե ինչու միջնորդները իր խոսքերից են միայն մտահոգվում, և Երևանի մասով բանի տեղ չեն դնում Ալիևի խոսքերին:
Երկրորդ
Երկրորդ պատճառն, որ Փաշինյանն այս հայտարարությամբ հանդես եկավ պոպուլիզմն էր, որով Փաշինյանը ուզում էր ցույց տալ Ղարաբաղում, որ ինքն ուզում է «Քոչարյանից էլ ավելի ղարաբաղցի» երևալ, որպեսզի իրենից՝ որպես Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակից, ղարաբաղցիները վտանգ չզգան:
Սակայն պոպուլիստը, ինչպես հայտնի է, կայուն տեսակետ չի ունենում: Եթե, օրինակ, վաղը Փաշինյանը մի հրաշքով հայտնվի Բաքվում մեծ հանրահավաքի ժամանակ նա կարող է հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»:
Չէ որ նախկինում օրինակ, Փաշինյանը ՀԱՊՔ-ի և ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդն էր, իսկ հիմա այդ կառույցների կողմնակիցն է: Նախկինում արագաչափերի վերացման կողմնակիցն էր, իսկ հիմա նրանց ավելացման կողմնակիցն է: Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հիշում է, թե թաքնված ժամանակ սիրում էր խորհրդային ֆիլմեր դիտել պատերազմի մասին: Իսկ դրա հետ մեկտեղ մարդ է ուղարկում Վաշինգտոն, որպեսզի նրանք ամերիկյան կոնգրեսում զեկուցեն, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Ռուսաստանը Հայաստանի դեմոկրատիայի համար, հատկապես, երբ Փաշինյանի հերոսական ջանքերով Երևանում համարձակվել են կալանավորել Պուտինի ընկերոջը:
Սա է իրական Փաշինյանը, որի համար ոչ միայն Աղդամը, այլև նույնիսկ Իջևանը հայրենիք չէ:
Ի դեպ ժամանակին երևանյան նկուղներում պաղկված մարդը բարոյական իրավունք չունի խոսել Իտալիայի նկուղներում պաղկվելու մասին:
Այնպես, որ, եթե նախկինում Փաշինյանի քննադատությունները նախկինների հասցեին ընկալվում էին հանրության ինչ- որ մասի կողմից, ապա այսօր, տեսնելով իր իրական տեսակը հանրության զգալի մասը այլևս Փաշինյանի հիմնավորումներին լուրջ չի վերաբերվում: Եթե չասենք ավելին՝ լեզվի, պատմությամն, եկեղեցու և սեքսուալ փոքրամասնությունների վերաբերյալ ծանոթանալով Փաշինյանի տեսակետների հետ հանրության այսօրվա մեծ մասը իսկական մշակութային շոկ է ապրում: Իսկ հանրության մի զգալի մասի կարծիքով էլ Փաշինյանը դրսից ներդված գործչի համբավ է ստացել, ով նպատակ ունի կազմաքանդել Հայաստանը` որպես պետություն, բոլոր բնագավառների մասով` սկսած բանակից և վերջացրած կրթությամբ և մշակույթով:
Այնպես որ Փաշինյանն այլևս կորցրել է բարոյական իրավունք քննադատելու նախկինում իրականում առկա թերությունները, քանզի այդ քննադատության տակ թաքնված է շատ ավելի վտանգավոր գործոն, որի մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը