2019 թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 180 հոդված, որոնցից 75-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 88-ը՝ չեզոք։
Նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից ու նախարարներից մեկը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը»-ի պատգամավորների միջև տարաձայնություն կա դեղերի գովազդի մասին օրենքի շուրջ։ Նշվում է, որ Արսեն Թորոսյանը զիջուների չի գնում, իսկ «Իմ քայլի»-ի պատգամավորները պատրաստվում են դեմ քվեարկել այդ օրենքին։
Հրապարակումների համաձայն, Առողջապահության նախարարությունում գործում է հովանավորչություն։ Հրապարակման մեջ ասված է. «Վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից և հանձնվել աշխատակազմի ղեկավարին: Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի և այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները»։
Մեկ այլ հրապարակման համաձայն, Արսեն Թորոսյանը ժամանակին իր մտերիմ ընկերոջը նշանակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն։ Այդ ընթացքում, ըստ լուրերի, Արսեն Թորոսյանը 350 հազար դրամից ընկերոջ աշխատավարձը դարձրել է 710 հազար դրամ։
Ըստ հրապարակումների, Արսեն Թորոսյանն իր անձնական պատճառներով է միացել Արթուր Վանեցյանի դեմ արշավին։ Մամուլը գրում է, որ Արսեն Թորոսյանն այդպես էլ չի ներել ԱԱԾ նախկին տնօրենին, քանի որ նա բացահայտեց հետիշխանափոխական Հայաստանում ամենաբարձրաստիճան կոռուպցիոն մեխանիզմը՝ հենց Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցում, ինչի արդյունքում իր աշխատասենյակում ձերբակալվեց նախարարի տեղակալը։
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել է, որ Արթուր Վանեցյանը երբեք իրենց թիմից չի եղել, իսկ ֆուտբոլին անդրադառնալով Մկրտչյանն ասել է, որ Արսեն Թորոսյանը սոցապահովության ծրագիր է իրականացնում, և նաև ֆուտբոլիստների վնասվածքների հետ կապված հսկայական աջակցություն է եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը