21 11 2019

Նոր կոչվող Հայաստանում իրագործում են թշնամիների երազանքը․ Panorama.am

Նոր կոչվող Հայաստանում իրագործում են թշնամիների երազանքը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Ազգը ծառի նման է․ ունի արմատներ, բուն, ճյուղեր, տերևներ։ Արմատներն են լեզուն, մշակույթն ու հավատը, բունը՝ պատմությունն է, ճյուղերն՝ ազգային ավանդույթներն ու արժեքներն են, իսկ տերևները մարդիկ են՝ պատմություն կերտողներն ու նրանց ժամանակակիցները։ Որքան խորն են արմատները և հաստատուն է բունը, այնքան ուժեղ է ազգային ինքնության զգացողությունը։ Մեր արմատները զորեղ են, և հենց դա են դարեր շարունակ փորձել փչացնել մեր թշնամիները։

Շատ են վնասել, սակայն ոսկրածուծին երբեք չեն հասել։Իսկ նոր կոչվող Հայաստանում կասկածելի կենսագրությամբ և անցյալով չինովնիկներն այսօր փորձում են իրագործել թշնամիների հենց այդ երազանքը՝ զրկել հային ազգային ինքնության գիտակցությունից։

Այնքան հետևողականորեն են լծվել այդ գործին, որ արդեն հիմարություն կլինի մտածել՝ «դե, էդքան են հասկանում ու կարողանում»։ Ո՛չ, անում են այն, ինչի համար տարիներ շարունակ աշխարհաքաղաքացիություն են յուրացրել արտասահմանյան դասընթացներում, և դրամաշնորհներ են ստացել օտարերկրյա կենտրոններից ու անհատներից։

Մշակույթի դերի նսեմացումը՝ նախարարությունն այլ գերատեսչության մեջ խցկելով, սպասելի էր դարձնում ազգային կարևորագույն հենասյուների թիրախավորումը։ Նույնն էր ուրվագծում նաև եկեղեցու դեմ սանձարձակ ոտնձգությունների արշավը։ Հանրության լռությունը ոգևորեց ազգատյացներին կատարել հաջորդ քայլը՝ հայագիտական առարկաները ԲՈՒՀ-երում կամավորության սկզբունքով դասավանդելու և եկեղեցու պատմությունը դպրոցներում արգելելու նախագծով։

Սա արդեն առաջ բերեց լուրջ դիմակայություն։Ուսանողների ընդվզումը և շուրջօրյա նստացույցը՝ նախարար Հարությունյան Արայիկի հրաժարականի պահանջով, պետք է որ լուրջ անհանգստություն ծնեին փողոցային պայքարի գիտակների մոտ, բայց կարծես թե իրենց դա առանձնապես չի էլ հուզում։

Կամ իրոք էնքան խելք չունեն, որ գիտակցեն հետևանքները, կամ էն աստիճան մանկամիտ են, որ վստահ են իրենց հարատևության վրա, կամ էլ դիտավորյալ են ցինիկություն դրսևորում, որովհետև չեն տիրապետում խնդրո առարկա հարցերին։

Ասվածի ապացույցը ԿԳՄՍ նախարար Հարությունյանի և ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպումն էր, որտեղ մասնագետներին հուզող հարցերը դարձյալ ուղղվեցին «բա էն ժամանակ․․․ Իսկ ձեզնից մեկն ու մեկը․․․ Երբ նախկինում․․․» հունը ։ Իսկ նախարարի ամբարտավանության «գոհարներից» մեկը՝ տարբեր ֆակուլտետների գործընկերների հետ լեզու գտնելու նրա պատգամը, քայլածների պատասխանատվությունն այլոց վրա բարդելու աշխատելաոճի վառ դրսևորում էր․․․

Ներողություն, իսկ պետության դերը ո՞րն է, և նախարարը միլիոնուկես աշխատավարձ ինչի՞ համար է ստանում, եթե ոլորտային հարցերի կարգավորումն ուրիշների գործն է։Եթե միայն Կրթգիտմշսպնախը (ոնց անվանումն է, էդպես էլ որակն է) լծված լիներ ազգայինի արժեզրկմանը, կմտածեինք, որ սխալ նշանակում է, բայց նախարարին իր անձնական պաշտպանության տակ առավ Նիկոլը Փաշինյան, փաստացի բացահայտելով , որ կառավարությունն է որդեգրել ազգայինը ջնջելու քաղաքականությունը։

Այս պարագայում ժամանակի հարց է, թե ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը երբ կվերածվի կառավարության և անձամբ Փաշինյանի հրաժարականի պահանջի։ Նման կոչ հնչեց Իտալիայի հայ համայնքի հանդիպման ժամանակ։

Ի դեպ, վարչապետը 28 հոգանոց պատվիրակությամբ նոյեմբերի 20-ին Իտալիա մեկնեց՝ Ֆրանսիայից վերադառնալուց մի քանի օր անց։ Հա, չմոռանանք, որ ՀՀ-ն նաև նախագահ ունի, ով էլ այս օրերին Քաթարում էր։ Այնպիսի տպավորություն է, որ Երևանն ընդամենը տրանզիտ գոտի է նրանց վոյաժների համար․․․ իսկ Հայաստանը դրանից ի՞նչ է շահում, այդ ճոխ ու մարդաշատ գործուղումների արդյունքներն ո՞ւր են։

Թերևս պետք է հաշվել, թե դեռ որ երկրներում չեն եղել, բայց անպայման պետք է այցելեն տերունական ընտանիքները․․․ Իսկ եթե տիեզերք ուզենան ճախրել, դա՞ էլ պետությունը պետք է ֆինանսավորի։

Ինչևէ, Իտալիայում Փաշինյանն իրեն ուղղված հրաժարականի կոչին զարմանալի ինքնավստահությամբ հակադարձեց , որ հրաժարականի մասին մտածելու կարիք չունի, քանի որ վայելում է ՀՀ ժողովրդի վստահությունը․․․ որ չի թողնի նույնիսկ ակնարկվի դրա մասին․․․ րոպե առաջ կհեռանա, հենց որ զգա, որ չունի ժողովրդի վստահությունը, որովհետև ժողովրդի վստահությունը չվայելող վարչապետը չարիք է երկրի համար…

Որերորդ անգամ համոզվում ենք, որ Փաշինյանից լավ ոչ ոք չի կարող ավելի դիպուկ բնորոշել վարչապետին։ Բայց հիմա ինչպե՞ս հասցնենք վարչապետ Փաշինյանին, որ հենց ինքն էդարձել «ժողովրդի վստահությունը չվայելող չարիքը», երբ այնքան է հեռացել ժողովրդից, որ իրեն լսելի են միայն ֆեյքային ծափերը։

Հրաժարականի մասին ակնարկի անգամ չսպասող վարչապետն ընդամենը տասն օր առաջ, ուսանողների բողոքների առիթով ասել էր՝ «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն՝ ինձ համար դա մի ցենտի արժեք չունի»։

Իրականում ցենտի արժեք չունի նրանց պահանջին քամահրանքով վերաբերվող ցանկացած մեկը, լինի նախարար, թե վարչապետ։Ուսանողներն ամեն պահի կարող են դադարեցնել նստացույցը, որն ընդամենը պայքարի մեկ գործիք է սոսկ։ Բայց արդեն չի կանգնեցվի դժգոհության այն ալիքը, որն առաջ է բերում վարչախմբի պետականաքանդ գործունեությունը։ Հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը ԲՈւՀ-երում գուցե այնքան ցավոտ չընդունվեր հասրակության շրջանում, եթե վերջին մեկուկես տարում ամեն օր ականատես չլինեինք հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը չիմացող իշխանավորների խայտառակ ասած-արածներին։

Առաջնությունն անշուշտ Փաշինյանին է, ով իր բոցաշունչ ելույթներում գրեթե մշտապես խախտում է ոչ միայն ղեկավարին, այլև քիչ թե շատ գիտակից մարդուն պատշաճող հանրային խոսքի թույլատրելիության սահմանը։ Հայոց լեզուն նրա համար չեն դարերով պահել-փայփայել, որ այսօրվա իջեցվի փողոցային սլենգի մակարդակին։Այս իշխանությունները ընդամենը մեկ տարում գծեցին այն սահմաները, որ պետք է խստագույնս պահպանվի հաջորդներին ընտրելիս։ Ցենզ պետք է լինի՝ հոգեկան առողջության, բարեկրթության, մայրենի լեզվի, մշակույթի ու սեփական ժողովրդի պատմությունն իմացության, ծառայած պետք է լինել հայոց բանակում, այլ ոչ թե օտարին․․․ Այս պայմաններին չհամապատասխանող անձանց իրավունք չպետք է տրվի մոտենալ պետության ղեկին, քանի որ ապականում են մեր արմատները։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ