Միլանi հայկական եկեղեցում հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձը փորձել է սադրանք հրահրել։ Նա մտել էր հայկական եկեղեցի և ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական ելույթ ունեցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, և հարց է տալիս Հայաստանի վարչապետին, ու նա գտնվում է անվտանգության մեջ։ Փաշինյանն ասաց, որ նույնը անհնար է պատկերացնել հակառակը՝ երբ հայը մտնի ադրբեջանական մզկիթ ու անկաշկանդ հարց տա Իլհամ Ալիևին։
«Երկրորդ, դուք ասացիք, որ ամբողջ աշխարհը ճանաչել է «ադրբեջանցիների ցեղասպանությունը»։ Դա սովորական սուտ է։ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի հեղաշրջում կատարի Ադրբեջանում։
Երրորդ՝ ես խաղաղության բանաձեւ եմ առաջարկել նախագահ Իլհամ Ալիեւին։ Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասել է, թե ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի Ադրբեջանի նախագահը նույնպիսի հայտարարություն անի, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գլխավոր բանաձեւն է։
1988թ․ ԼՂԻՄ խորհրդարանը, այն ժամանակ դեռ Գերագույն խորհուրդը, օգտագործեց ինքնորոշվելու իր օրինական իրավունքը, եւ դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժային փորձեր ձեռնարկեցին, որպեսզի վերցնեն Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի օրինական իրավունքները։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ-ից իր անկախության մասին, Լեռնային Ղարաբաղն էլ հայտարարեց Ադրբեջանից իր անկախության մասին։ Եւ ինչպես Ադրբեջանը դարձավ անկախ պետություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ պետություն։ Դրանից հետո Ադրբեջանն ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ։
Դուք ասացիք Շուշիի մասին։ Շուշիից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը։ Ռմբակոծում էին երեխաներին եւ կանանց։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ որոշում էր ընդունել եւ կազմակերպեց իր ինքնապաշտպանությունը։
Ես հպարտանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդով, նրանով, որ նա կարողացավ պաշտպանել իրեն եւ դիմակայել ադրբեջանցիների ագրեսիային։ Նրանք հասկացան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ուժով չի կարելի խոսել, եւ ես հուսով եմ, որ համապատասխան հետեւություններ են արվել, եւ Ադրբեջանի նախագահը կընդունի իմ առաջարկությունը ու կանի հայտարարություն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը