20 11 2019

Ցավոք, չեմ կարող մասնակցել «Վերնատուն» ակումբին․ Արա Վարդանյանի նամակը բանտից

Ցավոք, չեմ կարող մասնակցել «Վերնատուն» ակումբին․ Արա Վարդանյանի նամակը բանտից

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով այժմ կալանքի տակ է, գրում է․

«Բաց նամակ "Վերնատուն" ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանին

Հարգելի պարոն Մանուկյան, Ուշադիր հետևում եմ "Վերնատուն" ակումբի գործունեությանը և շատ ուրախ եմ, որ կա նման հարթակ մեր պետության առջև ծառացած խնդիրները քննարկելու և վերլուծելու համար։ Ցավոք, անձնապես չեմ կարող մասնակցել, քանզի գտնվում եմ ապօրինի կալանքի տակ։ Մեծ հետաքրքրությամբ դիտեցի վերջին ընդլայնված կազմով քննարկումը և նշեմ, որ համամիտ եմ հնչեցված մտքերի գերակշռող մեծամասնության հետ։

Թու՛յլ տվեք նաև իմ համեստ ավանդն ունենալ այս պրոցեսում։ Ունեմ բազմաթիվ ասելիքներ գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաշվի առնելով այս ֆորմատը, ձեր ուշադրությանը ներկայացնեմ միայն մեկ խնդիր կապված Արցախի և հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Մնացածի մասին մեծ սիրով կկիսվեմ ձեր հետ, երբ ի վերջո ապօրինություններին կգա ավարտ, և ես կլինեմ ազատության մեջ։

Եվ այսպես, շատերը խոսում են հայ-ռուսական հարաբերությունների անհասկանալի լինելու մասին։ Մի պահ թվում է, որ դրանք լարված են, մի պահ էլ , որ բավականին հավասարակշռված են։ Բայց ոչ ոք չի խոսում ամենակարևորի մասին․ իսկ ինչի՞ են պատրաստ Հայաստանի իշխանությունները այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Այ այստեղ է, որ մենք որպես երկիր մտնում ենք շատ վտանգավոր փուլ։ Ո՞րն է այն գերխնդիրը, որ ռուսական կողմը կփորձի առաջ տանել՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։Կասկած չունեմ, որ խոսքը գնալու է այսպես կոչված Լավրովի պլանի իրագործման մասին։ Այսինքն մեզ դրդելու են դեպի Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին։ Արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են բարելավել ռուսական կողմի հետ հարաբերությունները այս գնով։

Կարծում եմ՝ այո։Սա է այն գինը, որը նրանք պատրաստ են վճարել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար։Իշխանությունների համար երկրորդ Նախագահի ազատության մեջ հայտնվելը հավասարազոր է իշխանությունը կորցնելուն, ինչ արդեն այդպես էլ կա։ Այս ամենը գիտակցելով՝ ռուսական կողմը առաջ է քաշում իր քաղաքական պլանները և միանշանակ տանելու է դեպի Լավրովի պլանի իրագործում։ Ամեն ինչ էլ ավելի է դժվարացնում այն հանգամանքը, որ այդ պլանին ըստ իս կողմ են լինելու նաև ԵԱՀԿ խմբի այլ համանախագահները։ Այս իրավիճակում մեր երկիրը հայտնվելու է աննախադեպ ճնշման տակ։

Կրկին, ինչի՞ է պատրաստ այսօրվա իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այ սա է հարցը։Մեր ժողովուրդը պետք է գիտակցի այս քաղաքական թիմի անհեռատեսությունը և սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչին գնալու պատրաստակամությունը։Դեռ այսքանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ