ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հաղորդման հերթական թողարկման հյուրն է եղել։ Ռուս պատգամավորն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ իր դիրքորոշումը վաղուց է ձևավորվել, և ինքը խորապես համոզված է, որ այս հակամարտությունը կարող էր արդեն լուծված լինել:
«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետտությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ ոքի կողմից ճանաչված չէ, բայց այն գոյություն ունի և ապրում է: Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այն երբեք չի համաձայնվի մեկ այլ կարգավիճակի, թեկուզ ձևական վերադարձի Ադրբեջանի կազմ: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանի ճանաչումն ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքով չափազանցված էր, քանի որ այդ պահին՝ 1991 թվականին, հակամարտությունն արդեն 3 տարի է՝ ընթանում էր, և Ադրբեջանն ամբողջովին չէր ղեկավարում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը: Այդ իսկ պատճառով պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունն Ադրբեջանից»,- ասել է Զատուլինը՝ հավելելով, որ Ղարաբաղի կողմից փոխզիջումը պետք է լինի պատերազմի արդյունքում ինքնապաշտպանական ուժերի կողմից զբաղեցված Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հանձնումն Ադրբեջանին, խոսքը 7 շրջաններից 5-ի մասին է, քանի որ մյուս երկուսը կապում են Ղարաբաղը Հայաստանի հետ:
Արցախին վերաբերող հատվածը կարող եք լսել 24:45 րոպեից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը