Կառավարությունն այսօր հավանության տվեց «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն անհետաձգելի համարեց:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով, և այս բոլոր դրույթներn արդեն ուժի մեջ են մտնել: «Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թ. թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում, և եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է երբևէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները: «Այդ տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ-ում ուժի մեջ մտած սահմանադրական դրույթները չեն կիրառվում, և սա իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց նա և նշեց, որ սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենք իրենց, իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների:
Վարչապետն ասաց, որ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են և այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը