11 11 2019

Հայկ Հովհաննիսյանին համոզեցին․ նա հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Հայկ Հովհաննիսյանին համոզեցին․ նա հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։

Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։ Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։ Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։ Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։

 Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի մասին գրել էր ֆեյսբուքյան էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ