07 11 2019

Կընդլայնվեն ինտենսիվ այգիների ծրագրով շահառուների շրջանակը



Կառավարությունը նոյեմբերի 7-ի իր նիստում ընդունել է որոշում, որով կավելացվեն հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում այգիների հիմնման համար սահմանված սահմանաչափերը, 0.5-10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների պետական աջակցության չափը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ:

Մասնավորապես, տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն (վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ) 0.5 - 100 հա այգեհիմնումներ կատարելու համար (գործող ծրագրով՝ 0.5 - 10 հա) և բոլոր 0.5 - 10 հա-ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով (գործող ծրագրով՝ 0.5 - 5 հա խաղողի այգու, 0.5 - 3 հա ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 տոկոսի չափով): Ծրագրին ավելի լայն շահառուների շրջանակի մասնակցությունը կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, կավելանան այգիների տարածքները, հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ այն կնպաստի ծրագրից օգտվելու հնարավորությունների մեծացմանը. «Քննարկումների արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ վիճակագրությունը՝ եկանք այս որոշման. վարկերից օգտվելու այդ հնարավորությունը մեծացնում ենք 10 անգամ, իսկ ծախսերի փոխահատուցման հետ կապված՝ 2-3 անգամ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ