06 11 2019

Փաշինյանն իր ներկայացուցչին ուղարկում է տեռորիստի հետ հանդիպման. Շահնազարյան

Փաշինյանն իր ներկայացուցչին ուղարկում է տեռորիստի հետ հանդիպման. Շահնազարյան

Hayeli.am-ը գրում է․ «Այս իշխանությունը իր կառավարման առաջին իսկ փուլից սկսեց թիրախավորել թե՛ Արցախը, թե՛ Արցախի կազմավորման ու պետականության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցած գործիչներին: Փաշինյանի բոլոր գործողությունների թիրախում Արցախն է»:

Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով Վազգեն Մանուկյանի հետ միասին համարվում է «Վերնատուն» ակումբի հիմնադիրներից մեկը:

Շահնազարյանի խոսքով` իշխանությունն արդեն տանուլ է տալիս Մարտի 1-ի գործը: Նրա կարծիքով` իրականում Մարտի 1-ի գործ չկա, այն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված քաղաքական գործընթաց է. «Փաշինյանի նպատակն է, որ Հայաստանում խոսեն ամեն ինչից, բացի իր` Արցախի դեմ ուղղված «մերժիր Արցախը» քաղաքականությունից: Խնդիրը, որ Փաշինյանի առջև դրել են իրեն իշխանության բերած դրսի ուժերը, հետևյալն է, Հայաստանում հաստատել մենիշխանութնուն բոլոր ոլորտներում»,- ասել է Շահնազարյանը և ավելացրել, թե Հոկտեմբերի 27-ի գործը, մի կողմից աղմուկ է, մյուս կողմից իշխանության անհեռատես մտածողությամբ համոզված է, որ դրանով կարող են Վազգեն Մանուկյանին վարկաբեկել:

«Փաշինյանը իր լիազոր ներկայացուցչին ուղարկում է տեռորիստի հետ հանդիպման, որ կարող է հանրային ուշադրությունը շեղել և դա իրեն հաջողվում է, որովհետև դրանով թելադրում է հանրային օրակարգ»,- նշել է Շահնազարյանը` նկատի ունենալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ: Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանի հետ նախկինում ինքը` Շահնազարյանը, բավական երկար ժամանակ համագործակցել է, բանախոսն արձագանքել է. «Համագործակցել եմ այնքանով, որ ինքն ունեցել է կայք, որտեղ ես հանդես եմ եկել, դա եղել է անցյալում»: 

Ընդհանրապես այս իշխանության ամենամեծ բաղադրիչներից մեկն այն է, որ իրենք համագործակցում են տեռորիստների հետ. «Սասնա ծռեր»-ը վարչապետի աջ ձեռքն են: Նախկինում էլ եմ ասել` «Սասնա ծռերը» Փաշինյանի քիլլերներ են, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Նրանց պահանջով հեռացվեց ԱԱԾ տնօրենը: Այդ պահանջը դրվել էր «Սասնա ծռերի» կողմից`  Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նրանք պատրաստ են գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ,- նշել է Շահնազարյանը և շարունակել.- մենք 30 տարիների ընթաքում կայացրել ենք անվտանգության համակարգի կառույցները, որոնք հիմա ջախջախված են: Անվտանգության համակարգի կարևոր մասն է ԱԱԾ-ն, մամուլը, փորձագիտական հանրույթը, քաղաքացիական հասարակությունը: Այս ինստիտուտների արդյունավետությամբ է որոշվում, թե մենք ինչպիսի պետություն ենք` կայացած ենք, կայացող ենք»:

Շահնազարյանը գտնում է, որ Աշխաբադում Փաշինյանն իրեն ճիշտ չի դրսևորել` տրվել է ողորմելի թույլ պատասխան, որովհետև պատրաստված չէր: Իսկ պատրաստված չէր, որովհետև անվտանգության համակարգի նշված օղակները արդյունավետ չեն աշխատում: Դավիթ Շահնազարյանի խոսքով` երբ Փաշինյանն ասում թե, Արցախը Հայաստանն է` կրկնում է «Սասնա ծռերի» մոտեցումը:

«Այսինքն` նրանք Արցախը դիտարկում են որպես ՀՀ մարզ, որը ծանրագույն հարված է ինքնորոշման սկզբունքին և Արցախին: Երբ ինքը հայտարարում է, որ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրությանը և հպարտանում, թե առաջին ղեկավարն է, որ նման բան է ասում.... իհարկե, նման անհեթեթություն Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք չէր ասել, որովհետև սա ուղղակի հարված է ինքնորոշման սկզբունքին: Ինքը այդ կարգի ծայրահեղական և պոպուլիստական հայտարարություններով ինքնորոշման սկզբունքն ամբողջապես ոչնչացրել է: Գուցե ինչ-որ մարդկանց համար հաճելի լինի, բայց դրա վտանգները մենք արդեն տեսնում ենք: Բանակցային գործընթացում մտցվել է որակական փոփոխություն: Հայաստանը միշտ եղել է կառուցողական և կոնստրուկտիվ` միշտ միջազգային հանրությունն ու Հայաստանը եղել են մի կողմում,  Ադրբեջանը` մյուս կողմում: Հիմա դա ամբողջությամբ փոխվել է, այսինքն` եկել հասել ենք լիսաբոնյան կարգավիճակի: Լիսաբոնում ինչ ունեինք` Արցախի հարցի դեմ համախմբված միջազգային հանրություն` մինուս մեկ: Այդ մինուս մեկը Հայաստանն էր: Հիմա մենք հասել ենք մի վիճակի, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են, մենք` մյուս»,- նշել է Շահնազարյանը և, որպես ասվածի  մասին վկայող փաստ, նշել Լավրովի մի քանի հայտարարությունները:  

Շահնազարյանը նաև համոզմունք է հայտնել, որ Միջազգային հանրությունը «Սասնա ծռերի» հետ կապված դեռ մեղադրելու է Հայաստանին` տեռորիզմին հովանավորելու և տեղ տալու համար: Անդրադառնալով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը` նա նշել է, որ ինքը կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարած արտաքին կուրսին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ