01 11 2019

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ։

Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: 

«Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ իմ այցի շրջանակում: Մենք կարևորում ենք հայ ավանդական կուսակցությունների, մասնավորապես, ՌԱԿ դերն ու գործունեությունը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործում: Բարձր ենք գնահատում ՌԱԿ-ի դիրքորոշումը և աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կարևորում ենք մեր երկխոսության շարունակումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետը կարևորել է Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը լավ առիթ է մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու համար: Միքայել Խարապյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է վարչապետ Փաշինյանին, Հայաստանի կառավարությանը և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի առաջընթացին միտված լայնածավալ բարեփոխումներին, ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանը, հայ ավանդական կուսակցությունների գործունեությանը, կառավարություն-ՌԱԿ համագործակցությանն առնչվող հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ