01 11 2019

Սկանդալային տեսանյութեր, որոնք կհրապարակվեն ծայրահեղ դեպքում. «Հրապարակ»

Սկանդալային տեսանյութեր, որոնք կհրապարակվեն ծայրահեղ դեպքում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է․ «Երկրում կատարվող իրադարձությունների անկանխատեսելի ընթացքը, քրեական գործեր հարուցելու, կալանավորելու անսպասելի որոշումները, ինքնասպանությունները որոշակի նոր մշակույթ են ձեւավորում մեզանում։ Մեր աղբյուրներն ասում են, որ այն անձինք, ովքեր վտանգ են զգում, որ կարող են իրենց կալանավորել, իրենց հետ կարող են դժբախտ պատահարներ լինել եւ այլն, գաղտնի տեսաուղերձներ են նկարահանում եւ մի քանի տեղում պահում դրանց պատճեները, որ ծայրահեղ դեպքերում դրանք հրապարակվեն։

Մեզ պատմեցին, որ նման տեսաուղերձ է նկարահանվել նաեւ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, ում մոտ մեկ ամսով գրավի դիմաց ազատ արձակեցին, ապա կրկին կալանավորեցին։ Այդ ընթացքում նա տեսախցիկի առաջ պատմել է ինչ որ մանրամասներ, որոնք պետք է հրապարակվեն՝ եթե իր հետ ինչ որ բան պատահի։ Այդ տեսաերիզը պահվում է մի քանի վայրերում, այդ թվում՝ արտերկրում։ Մեր աղբյուրը տեղյակ չէր, թե ինչին է վերաբերվում խոսքը, սակայն ենթադրություն արեց, որ գեներալ Մանվելը խոսել է Մարտի 1-ի մասին։

Մեր տեղեկություններով, նման տեսանյութեր ունի նկարահանած նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Մեզ ասացին, որ աշխատանքից ազատվելուց հետո, երբ իշխանական քարոզչամեքենան նրա մասին սկսեց նեգատիվ նյութեր տարածել եւ լուրեր շրջանառվեցին, որ նրան կալանավորելու են, նա մի քանի ֆիլմեր է նկարահանել, որ եթե իր հետ որեւէ անկանխատեսելի բան պատահի, դրանք իր մերձավորները հրապարակայնացնեն։ Այդ ֆիլմերը եւս մի քանի օրինակից բազմացվել են եւ տարբեր ապահով վայրերում պահվում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ