Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։
Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։
Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը։ Այս բանաձևի ընդունումը կարևոր քայլ է՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։
Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը